ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ արտագաղթը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ քննարկվում են տարբեր ծրագրեր` այն կանխելու համար: “Մեր լուծումները հետեւյալն են. մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիներին աշխատատեղերով, այնպիսի աշխատատեղերով, որ այդ աշխատանքի ստացած եկամուտով նա կարող է արժանավայել ապրել հայրենիքում”,-ասում է վարչապետը: Իսկ այդ ընթացքում ՀՀ գյուղերը դատարկվում են, այդ թվում եւ` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքը:
Ջրառատի բնակիչները “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, որ համայնքում այս պահին վաճառվում է ավելի քան 20 սեփական տուն: “Լքում են գյուղը` օտար երկրում մշտական բնակություն հաստատելու նպատակով, քանի որ այստեղի կյանքը դժվար է: Աշխատելու տեղ չկա, բա ի՞նչ անեն, պետք է գնան, որ մի բանի հասնեն, թե չէ էստեղ մնալով ինչի՞ են հասնելու: Այս տարվա բերքն էլ էր էժան: Ջերմոց մշակելով՝ չենք կարողանում մեր էրեխեքի պահանջները հոգանք”,-դժգոհեցին ջրառատցիները` մանրամասն նկարագրելով, թե ինչքան դժվար է այսպիսի պայմաններում ընտանիք պահել:
Իսկ Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը շտապեց տեղեկացնել, որ լքողների մեջ լինում են նաեւ մարդիկ, որոնք հետ են վերադառնում: “Դե Երեւանի Կենտրոն վարչական թաղամասից էլ են մարդիկ տները վաճառում, գնում Եվրոպա: Նրանք ժամանակին դուրս են եկել այստեղից եւ հիմա ապրում են արտերկրում: Ամեն ինչ կարգին է, ժողովուրդն իրար նկատմամբ հաշտ ու համերաշխ են ապրում: Գյուղը լքողների մի մասն էլ եզդիներն են”,-նշեց նա: Մինչդեռ համայնքապետարանի աշխատակից Մարինե Առաքելյանը այլ կարծիքի է: Նրա խոսքով՝ նույն համայնքից այս պահի դրությամբ վաճառվում է 30-40 տուն. “Բոլորը տեղափոխվում են այստեղից ու ավելի շատ Սարատով են գնում: Դե տեսնում են, որ ավելի հեշտ է այնտեղ ապրել, քան այստեղ: Գյուղը շատ խնդիրներ ունի: Ոռոգման ջրի խնդիր կա, աշխատատեղի… դժվար է…”:
Իսկ Տիգրան Սարգսյանը շարունակում է ելույթներ ունենալ ու հայտարարել. “Մենք անսխալ չենք: Մեր թիմի քաղաքական ղեկավարը մեզանից մշտապես պահանջել է լինել բաց եւ թափանցիկ, եւ մենք ինքներս պետք է բացահայտենք մեր թերությունները: Մեր աշխատելաոճն այս տարիների ընթացքում եղել է հենց այդպիսին: Արհեստական փաստարկներ որոնելը եւ մեզ քննադատության թիրախ դարձնելը թուլության նշան է: Բազմաթիվ անգամ մեր կառավարությունը նշել է` արտագաղթը չարիք է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանից որեւէ քաղաքացի չհեռանա”:
Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012-ի հունվար-հունիսին Հայաստան է մուտք գործել մոտ 370 հազար ՀՀ քաղաքացի, իսկ երկրից մեկնել է 460 հազար հոգի: Ասել է թե` անցած վեց ամիսների ընթացքում երկրից հեռացել է 90 հազար հոգի: Եւ դա դեռ պաշտոնական թվերով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ