Երկուսուկես տարեկան Լիա Միսակյանի՝ «Արաբկիր» բժշկական համալիրում մահվան գործով բժիշկներին դատարանն այսօր մեղավոր է ճանաչել և դատապարտել, սակայն համաներման կիրառմամբ` ազատել պատժից: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, հրապարկվեց բժիշկ-ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի դատավճիռները: Լիլիթ Վարդանյանը դատապարվեց 2, իսկ Զարինե Այվազյանը 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Armlur.am-ի հետ զրույցում մահացած փոքրիկի հայրը` Գեորգի Միսակյանը, հայտնեց, որ իրենք այս պահին սպասելու են իրադարձությունների զարգացմանը. եթե ամբաստանված բժիշկները շարունակեն աշխատել, իրենք կբողոքարկեն, եթե ոչ` բողոքարկում այդ մասով չի լինի:
Մեր զրուցակցի խոսքով, հնարավոր է առաջիկայում դատարան դիմեն բժշկական համալիրի լաբորատորիայի դեմ, քանի որ, ըստ Միսակյանի, դատարանում մեղադրվող կողմի հայտարարությունները, թե լաբորատորիան դեպքի օրը աշխատել է, իրականությանը չի համապատասխանում. «Մենք գիտենք, որ լաբորատորիան այդ օրը չի աշխատել: Հասկանում ենք, որ մեղավորությունն ամբողջությամբ մեղադրյալների վրա չպետք է ընկնի»:
Նշենք, որ դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը հայտնել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք, ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները: Դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են բուժվող 2,5 տարեկան Լիա Միսակյանի մահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիայի ծնողները 2012թ. դեկտեմբերի 31-ին նկատել են, որ երեխայի ջերմությունը կտրուկ բարձրանում է, և նրան տեղափոխել են «Արաբկիր» բ/կ, որտեղ Լիային կաթիլային են միացրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեխայի հայրը՝ Գեորգին, հավաստիացնում էր, որ առաջին գիշերը բուժքույրը դեղերով փորձել է երեխայի ջերմությունը կայուն պահել. «Սակայն այդ օրը բժշկուհին երեխային այցելել է միայն մեկ անգամ` առավոտյան: Մենք հարցրինք, թե ինչպես է վիճակը, բժշկուհին պատասխանեց` կայուն է, ընդամենը սովորական վիրուս է, որն իրենց միացրած կաթիլայինի միջոցով «դուրս է գալու», և անհանգստանալու կարիք չկա»: Սակայն երկու օր անց՝ հունվարի 2-ին, երեխայի վիճակը բարդացել է:
«Մտա սենյակ, տեսա՝ երեխաս հազիվ էր շնչում, խռպոցով: Անգամ ես, որ մասնագետ չեմ, հասկանում էի, որ դա սխալ շնչառություն է, որ երեխան չպետք է այդպես շնչի, և որ վիճակը լուրջ է: Բժշկուհուն ասացի, որ երեխան չի կարողանում անգամ հաց կուլ տալ, գուցե ինչ-որ բան է պետք ձեռնարկել` կոկորդը մաքրել կամ մեկ այլ բան: Բժշկուհին պատասխանեց, որ կոկորդին ձեռք տալ չի կարելի, իրենք թոքերը լսել են, և ամեն ինչ նորմալ է: Կես ժամ անց մեզ ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության (ԷԽՈ), հետո ռենտգենի: Մոտ մեկ ժամ սպասել ենք միայն ռենտգենի պատասխանին, քանի որ բժիշկ չկար: Մինչև ամսի 2-ը լաբորատորիան էլ չէր աշխատում, երեխայի՝ հենց առաջին օրը վերցրած մեզի անալիզները երկու օր մնացել են պալատում»,- դեպքից հետո պատմել էր Գ. Միսակյանը:
Ըստ նրա՝ երեխային հունվարի 2-ի կեսօրից հետո են հակաբորբոքային ներարկել. «Այն դեպքում, երբ նրանք պետք է արդեն վերակենդանացման բաժին պառկեցնեին երեխային և թթվածին տային: Ամսի 2-ի ժամը 5-6-ի կողմերը նոր երեխային բարձրացրել ենք քիթ-կոկորդի մասնագետի մոտ, ինքն էլ նայեց ու ասաց, որ վիճակը շատ լուրջ է: Իսկ մինչ այդ, երբ ուզում էի ԷԽՈ-ի կամ ռենտգենի պատասխանները, ինձ ասացին, որ աջ թոքի բորբոքում է, մնացած ամեն ինչ նորմալ է: Բայց այդ ամենը ձեռնարկեցին, երբ արդեն շատ ուշ էր. ժամը 12:20 երեխան ձեռքերիս վրա մահացավ»: