Հունիսի 15-ին կայացավ ՀՀ ՍՆ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագրի առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևան քաղաքի վարչական շրջանների ու պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Առաջին փուլին մասնակցում է 58 երիտասարդ, որոնցից 38-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, իսկ 20-ը՝ 13-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից և ԱՄՆ-ից:
2015թ. ծրագրի շրջանակում նախատեսված է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ծրագիրը կիրականացվի 8 փուլով՝ հունիսի 14-ից օգոստոսի 29-ը: Այս տարի ևս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:
2014թ. սփյուռքահայ 1071, իսկ հայաստանյան ընտանիքներից 200 երեխա մասնակցել է ծրագրի ճամբարային փուլին: Անցյալ տարվա ծրագրում կարևորվեց Դիարբեքիրից (Թուրքիա) 50 հոգանոց խմբի այցելության կազմակերպումը, այս տարի սպասվում է Դերսիմից նույն քանակով իսլամացած հայերի մասնակցություն «Արի տուն» ծրագրին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարը՝ նշելով. «Արդեն յոթերորդ տարին է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է սփյուռքահայ մեր պատանիների ու աղջիկների հայրենաճանաչության այցը Հայրենիք: Անցած յոթ տարիների ընթացքում հազարավոր երիտասարդներ են այցելել Հայաստան, ճանաչել, սիրել ու կապվել Մայր Հայրենիքին, շատերը ուսումը շարունակել են Հայրենիքում, հարյուրավոր մասնակից երեխաների հորդորներով իրենց ընտանիքները հանգիստը կազմակերպվել է Հայաստանում, տասնյակ երիտասարդներ ընտանիք են կազմել: Սիրելի՛ երեխաներ, այն զգացողություններն ու ապրումները, որ դուք կապրեք Հայրենիքում, անփոխարինելի ու անկրկնելի են լինելու»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
«Իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն հայաստանյան ընտանիքներին, որոնք սիրով հյուրընկալում են մեր մանուկներին ու պատանիներին, – ընգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – մենք առանձնակի ջերմությամբ պիտի հոգ տանենք սիրիահայ մանուկների մասին, ովքեր ժանակավորապես հեռանալով ռմբակոծվող Սիրիայից՝ իրենց հանգիստը որոշել են անցկացնել Հայաստանի խաղաղ երկնքի տակ»:
Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը՝ ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Ռայմոնդ Նազարյանին (ՌԴ) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:
Մասնակիցների համար ցուցադրվեց «Արի տուն» ֆիլմը, իրենց կատարումներով արիտունցիներին ողջուցին Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները, «Մանկական եվրատեսիլ 2014» երգի մրցույթի Հայաստանը ներկայացրած Բեթթին և այլք:
Այնուհետև արիտունցիները ծանոթացան աշխատանքային խմբի անդամների հետ, ովքեր 14 օր շարունակ պիտի ուղեկցեն ու հոգ տանեն իրենց մասին: