Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ վաղ առավոտյան քաղաքի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին` կտրող-ծակող առարկայի պատճառված վնասվածքի հետքերով:
Armlur.am-ի հետ զրույցում ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Պոլիխոյ Ալեքսեյ Վասիլևիչը հայտնեց, որ դեպքի վայրում իրավապահներն ու փորձագետներն աշխատում են, իսկ ինքը դժվարացավ պատասխանել` արդյոք տարաձայնություններ ունեցե՞լ է զինծառայողը ներսում, թե ոչ. «Ես հիմա ծառայության մեջ եմ, չեմ կարող ասել` ստույգ ինչն է դրդել սպանության: Սպանվածը կարճ ժամանակ է` ծառայության է անցել: Այս պահին քննչական գործողություններ են ընթանում: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:
Հարցին` խոսե՞լ են արդյոք դեպքից հետո բժշկական կենտրոն տեղափոխված մյուս զինծառայողի հետ, Ալեքսեյ Վասիլևիչը չպատասխանեց, միայն նշեց, որ կան կասկածյալներ:
ՀՀ քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները։