Կապանում և Սիսիանում հիմնանորոգվում են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջպետական Մ2 ճանապարհի Գորիսից Կապան հատվածի հիմնանորոգումը սկսվել է 2014 թվականին: 5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածից 2.2կմ-ը շահագործման է հանձնվել դեռ անցյալ տարի:

Վերանորոգված հատվածում ամբողջովին փոխվել է ճանապարհի հիմքը, փռվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, հիմնանորոգվել են ճանապարհամերձ առուները:

Այս պահին բուռն թափով կառուցվում է մնացած ճանապարհահատվածների հիմնատակը: Իսկ ճանապարհի ենթաշերտը պատրաստելու համար կօգտագործվի ջրթափանց գրունտ: Կտեղադրվի խճային հիմք, կվերամշակվի բիտումով, ապա կփռվի երկշերտ ասֆալտ: Անցյալ ամիս Կապանի ճանապարհաշինական ընկերության կողմից կատարվել են հորատապայթեցումներ՝ ճանապարհի ոլորապտույտ հատվածները լայնացնելու նպատակով:

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանի խոսքով՝ ըստ նախագծի ճանապարհի վերակառուցվող հատվածներում նախատեսված են թե՛ լայնական, թե՛ երկայնական թեքությունների բարելավման, ճանապարհների շառավիղների մեծացման աշխատանքներ, որպեսզի մեքենաները հեշտությամբ անցնեն կորերը:

Վերակառուցվող ճանապարհի ասֆալտն, ավազն ու խճաքարն ապահովում է Կապանի ասֆալտի գործարանը: Այն հագեցած է ժամանակակից ավտոմատացված տեխնիկայով: Գործարանն ունի բարձր արտադրողականություն, տարբեր հզորության քարջարդիչ սարքավորումներ, ինժեներատեխնիկական մասնագետներ, ովքեր ճանապարհաշինական աշխատանքներում հմուտ են և արհեստավարժ։

Հիմնանորոգվող ճանապարհի շինարարությանն ուշի ուշով հետևում են ճանապարհային տեխհսկիչները՝ արձանագրելով բացթողումները և ապահովելով վերակառուցվող ճանապարհի որակը:
«Իրականացվում է ամենօրյա տեխհսկողություն, որպեսզի բոլոր աշխատանքներն իրականցվեն ըստ նախագծանախահաշվարկային փաստաթղթերի»,- ասաց «Աստիճան» ՍՊԸ-ի տեխհսկիչ Գագիկ Կարապետյանը:

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում: Ըստ պայմանագրային պարտավորության՝ ճանապարհը պետք է շահագործման հանձնվի այս տարվա հոկտեմբերին:

«Աշխատանքների ընդհանուր պայմանագրային գինը կազմում է շուրջ 933 մլն դրամ: 2014 թվականին կատարվել է շուրջ 445 մլն. դրամի աշխատանք, որի արդյունքում առանձին հատվածներից երկուսն ամբողջությամբ հանձնվել է շահագործման: Մնացած հատվածներում այս պահին ընթացող աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 2015 թվականի հոկտեմբերի 30-ին»,- տեղեկացրեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը:

Երևանից մինչև Իրանի սահման միջպետական ճանապարհը վերակառուցումից հետո ոչ միայն կկրճատի բեռնափոխադրող մեքենաների ճանապարհին ծախսած ժամանակը, այլև ավելի հաճելի կդարձնի ճանապարհորդությունը դեպի մեր երկրի հարավային դարպաս:

Ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում նաև Սիսիանում: Հիմնանորոգվում է 5 համայնքներն իրար կապող 29 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհը: Աշխատանքները մեկնարկել են ամռան սկզբից:

«Այս պահի դրությամբ կատարվում են հողային շերտի պատրաստման, բետոնային կոնստրուկցիաների, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Ըստ պայմանագրի՝ այս պահին հիմնանորոգվող հատվածի աշխատանքները պետք է ավարտվեն նոյեմբերի 30-ին»,- նշեց «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Անդրեասյանը:

Ճանապարհահատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում և համաֆինանսավորվում պետական բյուջեի կողմից:




Լրահոս