
Ռուսական կողմը դեռևս գրավոր դիմում չի ներկայացրել Հայաստանին` այսօր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործն իրենց հանձնելու խնդրով: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը` հավելելով, որ դեպքը ռազմաբազայի տարածքից դուրս է եղել, ուստի հնարավոր է քննությունը հայկական կողմն իրականացնի:
Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ, քննչական գործողություններն այս պահին անց են կացնում միայն հայ իրավապահները. ներկա են նաև 102-րդ ռազմաբազայի աշխատակիցներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` վաղ առավոտյան Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող, 19-ամյա Իվան Նովիկովի դին: