Մենք կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա էլ մեր ղրղզ բարեկամներին ենք կրակը գցում. Ալեքսանդր Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այժմ քննարկվում է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը:

Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ ցանկություն չունի ղրղզներին գցել ԵՏՄ-ի ճիրանները:

Պատգամավորը  դժգոհեց, որ այսպիսի նախագծերն Ազգային ժողով են բերվում հրատապ, ինչի արդյունքում պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ նախագծի ամբողջ բովանդակությանը:

«Եթե մեր ղրղզ բարեկամները այդպես սրտատրոփ սպասում էին ԵՏՄ անդամակցությանը, ապա մայիսից հետո մենք նիստ ունեինք, ինչո՞ւ այդ ժամանակ չբերեցիք պայմանագիրը: Մենք կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա էլ մեր ղրղզ բարեկամներին ենք կրակը գցում: Ի՞նչն է պատճառը, որ նման հրատապ կերպով եք նախագիծը բերել Ազգային ժողով»,- նշեց նա` դիմելով Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանի:

Ի պատասխան Կարայանը նշեց, որ միջազգային պայմանագրերը ստորագրումից հետո պետք է անցնեն համապատասխան ատյանները և պետք է քննարկվեն Սահմանադրական դատարանում:

«Ես դեմ եմ քվեարկելու ԵՏՄ-ի վերաբերյալ երեք պայմանագրերին, այնպես որ այլևս ելույթ չեմ ունենալու»,- արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը:




Լրահոս