Նոյեմբերի 27-28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա “Դիակոնիայի ուսուցում” թեմայով համաժողով, որը կազմակերպվում է օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական “Կլոր սեղան” հիմնադրամի կողմից:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե համաժողովը կներկայացնի դիակոնիայի` եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծառայության ուսուցման տեղական եւ միջազգային փորձը, դիակոնիայի գործնական կիրառումը եւ ազդեցությունը եկեղեցական ծխերի եւ համայնքների վրա:
Համաժողովին կմասնակցեն աստվածաբաններ եւ մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից։ Հայաստանից նաեւ հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի եւ աստվածաբանության ֆակուլտետների դասախոսներ, ներկայացուցիչներ “Ուորլդվիժն” եւ “Ամքոր” կազմակերպություններից եւ այլն։