Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը, որով Վրաստանի առողջարաններ են մեկնել 65 ուղևոր:
Ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵ»-ի կայքում՝ www.ukzhd.am: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Անցած տարվա հետ համեմատ «ՀԿԵ»-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Տոմսերի գները տատանվում են 13 հազ. դրամից մինչև 29 հազ. դրամի միջակայքում՝ կապված կուպեների հարմարավետությունից:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
2014 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 46 հազար՝ 2008 թվականի հետ համեմատ աճելով 538%-ով:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը: