Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջանների կողմից նախապես մշակված ծրագրի համաձայն շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Մարզաառողջարանային ճամբարներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպման վերաբերյալ էլ տեղեկացվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և առաջին հերթափոխով հանգստի կմեկնի երևանաբնակ ավելի քան 400 երեխա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման, ինչպես նաև Երևանի թիմի հաջող մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ Երևանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքների հետ համագործակցության շրջանակում հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա գերմանական 14 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլային հավաքականի խաղը Երևանի քաղաքապետարանի թիմի հետ: