Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր ազատ անկախ Հայաստանի գիտության տաճարում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցող այս միջազգային գիտաժողովը արժանի տուրք է հարյուր տարի առաջ կախաղան հանված 20 երիտասարդների հիշատակին: «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը նաև նրանց մասին է: Քսան երիտասարդները տենչում էին հայոց ազատության ղողանջը հնչեցնել աշխարհի չորս ծեգերում, իսկ որպես խնկարկում նրանց անմահ հիշատակին՝ հայ ժողովրդի արդարության ձայնը մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց շուրթերին աղոթք դարձավ: Այսօր մեր ցավը, հիշողությունը համախմբել է ողջ հայ ժողովրդին և մենք ականատեսն ենք աննախադեպ զարթոնքի ու համախմբման, Հայոց Դատը վերջին հանգրվանին հասցնելու հաստատակամությամբ: Այս գիտաժողովն առիթ է ոգեկոչելու մեր նահատակներին, մեծարելու ու հերոսացնելու մեր քսան հնչակյան գործիչներին և անդրադարձ կատարելու 128 ամյա կառույցի ձեռքբերումներին: Հնչակյան քսան հերոսներն իրենց կյանքը տվեցին Հայաստանի անկախության համար, և խորհրդանշական է, որ կախաղան բարձրացան «Կեցցե Հայաստանը» խոսքերը շուրթերին»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ցուցադրվեց «Քսանի լուսաբացը» ֆիլմը:
«Քսանների քաղաքական գնահատականը» խորագրով զեկուցում կարդաց Լիբանանի քաղաքական գործիչ, պատմաբան, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ Ջերեջյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ ՍԴՀԿ ծավալած գործունեությանը, ներկայացրեց կուսակցության անցած ուղին:
Թուրքիայի քաղաքական գործիչ, պատմաբան Քադիր Աքինը ներկայացրեց «Կոտրված շղթայի օղակները միացնող` Փարամազ» խորագրով զեկուցում՝ հնչակյան գործիչ Փարամազի հերոսական գործունեության մասին:
Զեկուցումներով հանդես եկան նաև ՝գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Գեղամ Հովհաննիսյանը և Մանուկ Ստեփանյանը:
Տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, զեկուցողները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:
Խորհրդանշական է, որ հունիսի 15-ին նշվում է Պետական դրոշի օրը և գուցե պատահական չէ, որ այն համընկել է ՍԴՀԿ քսան գործիչների նահատակության հիշատակի օրվան՝ որպես նրանց երազանքի իրականացման գրավական: