«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ինչ օգուտներ է ունեցել Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից հետո:
«Ես դրական եմ գնահատում և մասնավորապես անդրադառնալով Իրանի հետ կապված խնդիրներին` ասեմ, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրները համաձայնություն են տվել և նաև ինչ-որ չափով առաջնորդում են, որպեսզի Իրան և ԵՏՄ անդամակցությունը զարգանա: Մոտակա ժամանակներս կսկսվեն արդեն բանակցությունները ԵՏՄ-Իրան տնտեսական ոլորտի ինտեգրացիոն ծրագրերի շուրջ»,- նշեց Կարայանը, սակայն ԵՏՄ-ի դրական կողմերի մասին չնշեց:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հարցը հնչեցնելու ժամանակ հիշեցրեց, որ Կարայանը Փոստանջյանի հարցին այդպես էլ չպատասխանեց:
«Դուք պարտավոր եք մատնանշել Հայաստանի և՛ քաղաքական, և՛ տնտեսական շահը: Եթե ասում եք` այդ միության շահը տնտեսական է, ապա նշեք կոնկրետ, թե ինչ տնտեսական շահ կա և դա արեք թվերի լեզվով: Եթե Հայաստանին, այսպես ասած, «դեմ տան» Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, այդ նույն հաջողությամբ բերելու եք այստեղ և նույն ոգևորությամբ ասելու եք, որ դա Հայաստանի շահերի՞ց է բխում»,- հարցրեց Քոքոբելյանը:
«Այն, ինչ ես պետք է ներկայացնեի, ես արդեն ներկայացրեցի, բայց ձեր խնդրանքով մեկ անգամ ևս կներկայացնեմ: Նորից ասեմ, որ այդ համաձայնագիրը ոչ մի պարտավորություն ՀՀ-ի համար չի առաջացնում, այդ թվում նաև ֆինանսական: Ինչ վերաբերում է տնտեսական շահերին, ասեմ, որ Ղրղզստանի Հանրապետությունը 6 միլիոնանոց նոր շուկա է Հայաստանի համար: Այս արձանագրությանը միանալով` մենք լրացուցիչ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի մեր գործարարներն առանց խոչընդոտի ազատականացնեն Ղրղզստանի շուկան, մասնավորապես ոսկերչության շուկան»,- պատասխանեց Կարայանը: