Ղրղզստանի` ԵՏՄ անդամակցության հարցի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ նշեց, թե իր մոտ դեժավյու է, քանի որ որոշ պատգամավորների ելույթներից իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը:
«Տպավորություն էր, որ քննարկվում է` Հայաստանը անդամակցի՞ ԵՏՄ-ին, թե՝ ոչ, բայց դա քննարկվել է, էջը փակված է, որոշումը կայացված է, և մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա եղել է բացառապես քաղաքական որոշում»,- նշեց Զոհրաբյանը և շարունակեց:
«Ի դեպ, ես դահլիճում չեմ տեսնում այն քաղաքական գործիչներին, ովքեր ցանկացած խնդրի վերաբերյալ փաթաթվում էին այս ամբիոնին և որևէ կերպ պոկ չէին գալիս, խոսում էին ամեն ինչից, երբեմն էլ ոչնչից: Նրանք այսօր դահլիճում չեն, որպեսզի հանկարծ կամ ԱՄՆ-ն, կամ Եվրամիությունը, կամ Ռուսաստանը չնեղանան: Այդպես քաղաքականություն չեն կառուցում, այդպես քաղաքական օրակարգ չեն ձևավորում, քաղաքական ուժը պետք է համարձակություն ունենա նույնիսկ, եթե իր հայտարարությունը կարող է հասարակության այս կամ այն խմբին դուր չգալ, նույնիսկ եթե իր հայտարարությունը կարող է սոցիալական ցանցերում արևմտամետներին և ռուսամետներին հանել տվյալ քաղաքական ուժի դեմ, պիտի համարձակություն ունենան առաջ շարժվելու պետական շահով»:
Զոհրաբյանը հավելեց, որ իրենց քաղաքական ուժը չի վախենում քննարկումների առարկա դառնալուց և չի ընտրում անշառ թեմաներ: