ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքները, միջադեպին ներկա գտնված անձանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն են ունեցել նաև ՀՀ քաղաքացիներ Շ.Դավթյանը և Մ.Խաչատրյանը։
Հունիսին 13-ին Շ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Մ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հունիսի 15-ին հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մ.Զաքարյանին խմբի կողմից միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քաղաքացիներ Դ.Հակոբյանին և Յ.Մանուչարյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների և կայացված դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։