ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրում է, որ այսօր այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին, ով հացադուլի մեջ է գտնվում:
«Իմ երկարամյա իրավապաշտպան գործունեությանը հավատարիմ` այսօր այցելել եմ «Վարդաշեն» ՔԿՀ և հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու մասին հայտարարության հետ: Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ, ուսումնասիրել հացադուլի մեջ գտնվողների պահման պայմանները և նրանց խնդրել, որ դադարեցնեն հացադուլը: Շանթ Հարությունյանը դիմում է ներկայացրել իրեն առանձին խուց տեղափոխելու, այն է` կիսաբաց ռեժիմից կիսափակի անցնելու մասին, որը, ըստ էության, ռեժիմի խստացում է, սակայն դա նույնպես դատապարտյալի իրավունքն է:
Նշված դիմումի քննարկումը ՔԿՀ համակարգի տեղաբաշխման հանձնաժողովի իրավասությունների շրջանակում է, որը, հուսով եմ, կբավարարվի: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն իր ընկերոջ` Շանթ Հարությունյանի, որի պահանջի բավարարման պարագայում նա կդադարեցնի հացադուլը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բողոքներ չեն արձանագրվել»: