
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ Լիբանանի նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են “Դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին”, “արձրագույն կրթության եւ ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին” համաձայնագրերը:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի եւ Լիբանանի բարեկամության:
Լիբանանի նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: