Մոտ երկու օր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում արձանագրված էր, թե ինչպես են ճանապարհային ոստիկանության տեսուչները, կոպտագույն խախտում կատարելով` ձայնային եւ լուսային ազդանշանները անջատած հոծ գիծը հատելով, վազանց կատարում, իսկ քաղաքացու դիտարկմանն ի պատասխան` հոխորտում. «Լավ ենք անում, արա՛, ա՛յ տղա…», «Դու աչքիս լրիվ խառնում ես իրար» եւ հայհոյում: Հայրենի ճանապարհային ոստիկանների հետ հաճախակի շփվելու առիթ ունեցող ցանկացած մեկը կարող է փաստել, որ նկարագրվածը միանգամայն սովորական երեւույթ է, որից իրենք պարբերաբար վրդովվում են, ասում՝ էս երկիրը երկիր չի, ու անցնում առաջ:
Վերը նշված տեսանյութի հեղինակը, սակայն, այդպես չի վարվել եւ փորձել է իրեն հասանելի միջոցներով հետամուտ լինել օրինականության հաստատմանը: Եւ արդյունքում երեկ ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ՃՈ աշխատակիցներ, տեսուչներ Լեւոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Իհարկե, այսպիսով իրենց լկտի պահող եւ դրամաշորթությամբ զբաղվող բոլոր տեսուչները չեն վերանա, բայց որ ոստիկանապետի այս հրամանից հետ նրանք առնվազն կձգվեն եւ ավելի զգույշ կլինեն իրենց ավանդական վարվելակերպի դրսեւորման հարցում, կասկածից դուրս է: Այս օրինակը գալիս է ցույց տալու, որ եթե մենք` շարքային քաղաքացիներս, ամեն մեկս մեր չափով հետամուտ լինենք մեր իրավունքներին ու փորձենք այս կամ այն պաշտոնյայի, տեսուչի կամ պարզապես փողոցում սիգարետ նետող քաղաքացու արարքի հետ չհաշտվել, ապա բառիս իսկական իմաստով կարող ենք հեղափոխություն անել: Ի վերջո, հեղափոխությունները միայն քաղաքական հարթակներում եւ միտինգային հրապարակներում չեն իրականացվում: Այդ հեղափոխությունը նախեւառաջ պետք է սկսել մեր ամենօրյա կենցաղը տարբեր մերժելի երեւույթներից ձերբազատելուց, քանի որ դա մեր կենցաղն է, մեր կյանքը, որը որեւէ պաշտոնյա, նախագահ, վարչապետ կամ նախարար ի զորու չէ ու նաեւ իրավասու էլ չէ ամբողջությամբ տնօրինել: Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը խստացրեց հասարակական տրանսպորտի վարորդների նկատմամբ հսկողությունը, մի որոշ ժամանակ նրանք իրոք դադարեցին ծխել տրանսպորտում, սակայն քաղաքապետը փոխվեց, եւ քաղաքացիները դարձյալ մնացին անլվա ու շոգեքարշի նման ծխող վարորդների հետ մենակ: Հետեւաբար, մենք չպետք է մեր հույսը կապենք այս կամ այն պաշտոնյայի հետ: Ի վերջո, մեր իրականության համար առավել քան ակտուալ է հայտնի ասույթը. «Спасение утопающих, дело самих утопающих»:
ՍԿՍԵՆՔ ՄԵԶԱՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ