Աբրահամյան եղբայրները չէին կարող համակերպվել հավերժ խաղից դուրս մնալու մտքի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ արտերկրում բնակվող որոշ հայ գործիչների համար Հայաստանը դարձել է պարապ ժամանակվա զբաղմունք, վաղուց հայտնի իրողություն է: Այս գործում «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, թերեւս կարող է համարվել առաջատար: Սակայն վերջին տարիներին Արա Աբրահամյանը մի տեսակ ընդհատակ էր անցել, եւ նրա ձայնը առանձնապես չէր լսվում: Սակայն արդեն մի քանի օր է՝ հայկական մի քանի լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, թե իբր «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել եւ այդ նպատակով ցանկանում է նոր կուսակցություն հիմնել (գործողների մեկի բազայի վրա) եւ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը գործարար է եւ նրա համար առաջնահերթը գումար վաստակելն է, ուստի կուսակցություն բացելու տարբերակը կարելի է բացառել, բայց մյուս կողմից՝ ծուխն առանց կրակի չի լինում: Ակնհայտ է, որ Աբրահամյան եղբայրները, որոնցից երեքը Հայաստանի նախորդ խորհրդարանում պատգամավոր էին (3-ն էլ տարբեր կուսակցություններից), չէին կարող համակերպվել հավերժ խաղից դուրս մնալու մտքի հետ:

Այժմ բավական հարմար պահ է նրանց համար իրենց ապագան կարգավորելու, քանի որ Արա Աբրահամյանը ՌԴ նախագահին կից ինչ-որ հանձնաժողովի նախագահի պաշտոն է ստացել: Իհարկե, ինքնին պաշտոնն իրենից բան չի ներկայացնում, բայց կարեւորը ՌԴ նախագահին կից կարգավիճակն է, ասել կուզի՝ նա Վլադիմիր Պուտինին մոտիկից կարող է տեսնել, ավելին՝ նույնիսկ չի բացառվում, որ հետը մի քանի բառ կփոխանակի: Հենց այս գործոնը խաղարկելով էլ Աբրահամյանները փորձում են ետ ստանալ իրենց երբեմնի դիրքերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս