ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ 4 խմբակցությունների առաջարկով երեկ Ազգային Ժողովի արտահերթ նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ. գրանցվել էին 46 պատգամավորներ, բացակա էին 83-ը: ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները չէին եկել նիստին: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը սահմանում է. «ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է ԱԺ նախագահը` ՀՀ նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ»: Այլ կերպ ասած՝ իշխող մեծամասնությունը երեկ հերթական անգամ խախտեց ՀՀ Սահմանադրությունը:
Իսկ այդ ընթացքում ԱԺ շենքի առջեւ ՀԱԿ ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանք ԱԺ ՀՀԿ խմբակցությունից պահանջում էին քվորում ապահովել 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին: Ակցիայի մասնակիցների հետ խոսելու եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, որը հավաքվածներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն, իր իսկ խոսքով՝ իր մյուս կուսակցության հետ, չի ներկայացել նիստին, ինչը ցույց է տալիս, որ նրանք ոչ մի դեպքում արդար ընտրությունների կողմնակից չեն: «Ամոթ, ամոթ, ծախվածնե՛ր, կոճակ սեղմողնե՛ր»,-վանկարկում էին հավաքվածները:
Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն նիստ են հրավիրել՝ իրենց հետագա քայլերը որոշելու համար: Ըստ նրա, եթե հակասահմանադրական համարվի ՀՀԿ-ի քայլը, ապա կդիմեն ՍԴ: Մանուկյանը նշեց, որ իշխանությունների այս քայլն ապացուցում է, որ իրենք արդար ընտրությունների պատրաստ չեն, որ Սերժ Սարգսյանի` արդար ընտրությունների մասին հայտարարությունները սուտ են:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ կատարվածը որակեց որպես ՀՀ Սահմանադրության բռնաբարություն: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցրել է, որ իրենք դիմելու են ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իշխող մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորների վարքը քննելու հարցով: Ռուստամյանը եւս ասել է, որ իշխող մեծամասնությունը ոտնահարել է ՀՀ Սահմանադրությունը:
Ի դեպ, երբ ցուցարարները վանկարկում էին «Լեւոն՝ նախագահ», Նաիրա Զոհրաբյանը շտկեց. «Գագիկ Ծառուկյան՝ միասնական թեկնածու»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս