Ի՞նչ է անցնում մարդկանց մտքով, որ դպրոցական երեխաների համար անվտանգության երաշխիքներ չեն ապահովում. հայ դպրոցականները Բաքու չեն մեկնի. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԿԳՆ-ի դիրքորոշումը` հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք դպրոցականների Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի հավաքականի մասնակցության վերաբերյալ:

Նշենք, որ Հայաստանի մասնակցության որոշման իրականացումը հնարավոր էր միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո, սակայն պաշտոնական Բաքուն մինչև միջազգային օլիմպիադային մասնակցելու համար  գրանցման սահմանված ժամկետը՝ հունիսի 15-ը, այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը  անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը, ելնելով երեխաների անվտանգության  նկատառումներից, ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների՝ Բաքու մեկնելու որոշումից: «Մենք երբ կազմակերպում ենք կրթական կամ գիտական միջոցառումներ, հրավիրում ենք Ադրբեջանի պատվիրակությանը և տրամադրում ենք պետական երաշխիքներ: Ես կարող եմ միայն տարակուսանք հայտնել, թե ինչ պետք է անցնի մարդկանց մտքով, երբ դպրոցական երեխաների համար անվտանգության երաշխիքներ չեն ապահովում: Ի՞նչ պետք է անեին մեր երեխաների հետ: Վստահ եմ, որ այս հայտարարությանն իրենք կարձագանքեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ Ադրբեջանի ԿԳՆ-ն, չգիտես ինչու, այս հարցի լուծումը շաղկապել է Եվրոպական օլիպիական խաղերի ավարտի հետ. «Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ: Մեր երեխաները միշտ էլ փայլել են իրենց գիտելիքներով»:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը և  միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին` միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին` հիմք ընդունելով նման դրսևորումները` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլևս չկազմակերպել:




Լրահոս