
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը հովանավորում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները: Փետրվար ամսին Showbiz 411-ի սյունակագիր Ռոջեր Ֆրիդմանը տեղեկացրել էր, որ օսկարակիր ռեժիսորն ու սցենարիստը ներգրավված են նախագծին:

«Ես չէի կարող այդ ժամանակ ձեզ ասել, որ «Ռուանդա հյուրանոց»-ից հայտնի Թերի Ջորջը լինելու ֆիլմի ռեժիսորը: Նա ինձ խնդրել էր չհայտնել այդ մասին, քանի որ քաղաքական լարվածություն կար այդ ժամանակ»,- գրում է սյունակագիրը՝ տեղեկացնելով, որ ֆիլմը լինելու է սիրային պատմություն` «Բժիշկ Ժիվագոյի» ոճի մեջ:
Ֆիլմը նկարահանվելու է Իսպանիայում:
Ֆիլմի ռեժիսորն է լինելու Թերի Ջորջը, իսկ սցենարիստը՝ Ռոբին Սվիքորդը: «The Promise» (Խոստումը) ֆիլմում խաղալու են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը:
