ԲՈՒՀ-ԵՐՈՒՄ ՑՈՒՐՏ Է
Mynews.am-ը երեկ տեղեկացրել է, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում դաս չի եղել ցրտի պատճառով: Ջեռուցում չի եղել նաեւ Ագրարային համալսարանում: Սակայն ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Երկրի» հետ զրույցում հերքել են լուրը` ասելով, թե նման բան չկա. «Այո՛, առավոտյան ուսանողները բողոքում էին, որ ցուրտ է լսարաններում: Ժամեր անց ջեռուցումը միացվեց, եւ այսուհետ արդեն համալսարանը կջեռուցվի: Այժմ ուսումնական պրոցեսը բնականոն ընթացքի մեջ է»:
ԿՈԲԶՈՆԸ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի: Սրբազանը գոհունակությամբ անդրադարձել է Կոբզոնի` Հայաստան այցի նպատակին` Երեւանում կայանալիք բարեգործական համերգին: Իր հերթին Ի. Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշել է, որ հպարտ է Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար:
ԲԱ Ի՞Ր ՕՐՈՔ
«1990-ականներին Հայաստանում մեծ չափերի էին հասել ապօրինի անտառահատումները։ Դա անտառային համակարգին մշտապես ուղեկցող երեւույթ է, որն առկա է նաեւ այսօր: Խնդիրն անտառահատումների ծավալների տարբերության մեջ է»,-երեկ ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Ըստ նրա՝ անցած երկու տասնամյակում գրեթե անտառազրկվեցին մեծ բնակավայրերի, մասնավորապես Վանաձորի, Իջեւանի հարակից տարածքները:
ՄԻ ԳԼՈՒԽ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ: Համաձայն հաստատված օրակարգի` քննարկվել է ՓՄՁ միջավայրի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի ազդեցության հարցը: «Մենք փորձել ենք փաթեթում ներառել այնպիսի դրույթներ, որոնք համահունչ են փոքր ու միջին բիզնեսի ցանկություններին եւ պետք է բարելավեն ՓՄՁ միջավայրն ու հարկային վարչարարությունը»,-նշել է վարչապետը:
10 ՏՈԿՈՍԸ` ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 22-ին` տեղական ժամանակով երեկոյան 8-ին, եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր մեդիա» հեռուստաալիքների եթերում: «Մեր գյուղը» խորագրի ներքո անցկացվող դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: