
«Հայաստանում պետական խորհրդանշանների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չունենք ձևավորված», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրերով զբաղվող «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ` Հայաստանում խորհրդանշանները մի շարք շտկումների անհրաժեշտության կարիք ունեն:
«Դեռևս 2011 թվականից սկսած` մեր հիմնադրամն աշխատանքներ է տանում այն ուղղությամբ, որպեսզի ստեղծվի պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ, որն էլ կզբաղվի համապատասխան խնդիրներով, սակայն առանց պետության աջակցության այս հարցը լուծվել չի կարող», – իր խոսքում նշեց բանախոսը:
Նրա գնահատմամբ, պետական դրոշի գույները ևս հստակեցված չեն. «Դուրս եկե՛ք փողոց, նայե՛ք Կառավարության, դատախազության, Կենտրոնական բանկի և այլ շենքերին ամրացված դրոշի գույներին, կտեսնեք, որ տարբեր երանգներ ունեն: Համապատասխան չափորոշիչներ, ստանդարտներ չկան»,-ավելացրեց նա:
Իսկ վերջում նաև հավելեց, որ արդեն մեկուկես տարի է՝ հիմնադրամը Ազգային ժողով է ներկայացրել համապատասխան օրինագիծ՝ պետության կողմից աջակցություն ստանալու ակնկալիքով, սակայն որևէ վերաբերմունք նրանց կողմից մինչև այժմ չի նկատվել: