Այն, ինչ վերջին 1 տարվա ընթացքում կատարվում է Սերժ Սարգսյանի շուրջ որոշ գեներալների մակարդակով, կարելի է դավաճանություն համարել: Բայց որպեսզի երկրի առաջին դեմքին պատիվ չբերող այդ երեւույթն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չդառնա հանրության սեփականությունը, «դավաճանության» մեջ դերակատարություն ունեցող անձանց նկատմամբ սանկցիաները կարծես կիրառվում են առանձին դրվագներով, դռնփակ դատական նիստերի կամ քրգործերի ձեւով` մեծ հաշվով ներկայացվելով որպես կոռուպցիայի դեմ պայքար:
Վերհիշենք այս տարեսկզբից տեղի ունեցած իրադարձությունները, որոնք կարող են անտեսանելի կապերով փոխկապակցված լինել «քաղաքական դավաճանության» հետ:
Եւ այսպես, ս.թ. փետրվարին իրավապահները Նոր Նորքում հայտնաբերեցին դաշնակցական Արշավիր Կարապետյանի զինանոցը: Դրանից 4 օր անց կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Գ. Գաբրիելյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ Վ. Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց: Պատճառը ՈԶ-ից հափշտակված զենքն էր, որը, ըստ մամուլում հայտնված վարկածի, կարող էր վաճառված լինել դաշնակցական Արշավիրին: Իհարկե, ՀՔԾ-ն հերքեց այդ կապը եւ գործի նախաքննությունն ավարտելուց հետո ուղարկեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Քրգործը քննվեց դռնփակ կարգով, քանի որ դրանում կային պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Եւ ՈԶ հրամանատարի՝ տեխնիկայի ու սպառազինության գծով տեղակալ Վ. Մանուկյանն օգոստոսին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման ու 1,5 մլն դրամ տուգանքի` 2 տարի ժամկետով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նա ընդունել էր մեղադրանքը` պաշտոնական կեղծիք, խոշոր չափի յուրացումներ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ ռազմամթերքի խոշոր չափերի հափշտակություն, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերքի ապօրինի ձեռքբերում, իրացում… Վ. Մանուկյանը չբողոքարկեց դատավճիռը: Ու թեեւ ՀՔԾ-ն այս գործով այլ կասկածյալներ չհայտնաբերեց, այդուհանդերձ, քաղաքական կուլիսներում եւ մամուլում նաեւ այլ վարկածներ շրջանառվեցին: «Ժողովուրդ»-ը գրեց, որ Ս. Սարգսյանի արդեն նախկին նվիրյալ Գ. Գաբրիելյանը եւս պետք է կալանավորվեր, սակայն նրա համար բարեխոսեց զարմիկը` Արցախի թեմի առաջնորդը: Եւ Գելի հարցը սահմանափակվեց միայն պաշտոնանկությամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ Գ. Գաբրիելյանի «մեղքերին», ապա տեղեկություն շրջանառվեց, որ նա իմացել է ՊՆ-ին որոշակի քանակով զենք-զինամթերք անհրաժեշտ լինելու մասին եւ որոշել ՈԶ հաշվեկշռում գտնվող զենքերից թանկ գնով եւ դաշնակցական Արթուր Աղաբեկյանի ընկերներին պատկանող որսորդական խանութի միջոցով վաճառել ՊՆ-ին (իհարկե, Ա. Աղաբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժխտել էր դա):
Ինչեւէ, ըստ մամուլի` այդ գործարքների մասին տեղեկությունները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ականջին էին հասել Գ. Գաբրիելյանի ենթականերից մեկի միջոցով: Իսկ տեղեկատվության արտահոսքը պայմանավորված էր եղել գործարքից ստացվող հասույթը անարդար կիսելով: Բայց չի բացառվում, որ Վ. Գասպարյանը մի փոքր շուտ է «նստած եղել» այդ գործարքի «պոչին», եւ այն իրականացնելուց անմիջապես հետո կողմերը խուճապի են մատնվել` «ապրանքն» ուղարկելով ոչ թե ՊՆ, այլ` դաշնակցական Արշավիրին կամ…
Իսկ հիմա տեսնենք` ինչ կապ կարող է լինել Գելի ու ՊՆ ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանի պաշտոնանկությունների ու «գոմեշի մսի» քրգործի միջեւ: Նախ` հարց. ՊՆ-ի` սպառազինության, գնումների գծով պատասխանատու Ա. Փայտյանի ստորաբաժանումում ինչո՞ւ է հանկարծ այս տարվա հունվարին զինամթերքի պակաս զգացվել: Արդյոք Փայտյանը մինչ այդ զենք չի վաճառել ինչ-որ անձանց կամ հենց Արշավիրին: Եթե նման քողարկված որեւէ բան չի եղել, ապա ինչո՞ւ Փայտյանն օրինական ընթացակարգով ուղղակի չի դիմել զենք մատակարարող որեւէ կոնկրետ ընկերության (ներսի կամ դրսի, որից սովորաբար ձեռք է բերում)` ռազմամթերք ձեռք բերելու: Փոխարենը կարծես թե հապշտապ ձեւով փորձել է պակասորդը լրացնել ներքին «աղբյուրների» միջոցով ու թեկուզ թանկ գնով, որից էլ փորձել է օգտվել Գելը. գուցե Փայտյանի ականջին այդ ժամանակ լուրեր են հասել ՊՆ ռազմապահեստները ստուգելու մասին, եւ նա խուճապահար լծվել է պակասորդը լրացնելու գործին: Չի բացառվում նաեւ, որ այդ պակասորդը մոտավորապես 200 000 դոլարի չափ լիներ, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է Ա. Փայտյանը 200 000 դոլարի պարտք վերցրել ԶՈՒ մատակարար, «Կապանի մսի կոմբինատ»-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանից: Վերջինս էլ տավարի մսի փոխարեն ՊՆ-ին է մատակարարել գոմեշի անորակ միս: Իսկ երբ արդեն իրավապահները ս.թ. հունվար-փետրվար ամիսներին մտել են ԶՈՒ պահեստները ստուգելու, հայտնաբերել են նաեւ Օհանջանյանի գոմեշի միսը: Արդյունքում՝ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար: Հենց փետրվարին էլ Օհանջանյանն իր գործարանը հապշտապ վաճառել է Սյունիքի գործարարներից մեկին: Սակայն որպեսզի այս դեպքում էլ չերեւան «քաղաքական դավաճանության» շարժառիթները, Ա. Փայտյանի պաշտոնանկությունը հետաձգել են մինչեւ ամռան վերջ: Սա, իհարկե, դեռ վարկած է, որը ժամանակի ընթացքում պետք է ժխտվի կամ հաստատվի:
Բայց ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններից առաջ վաճառվել է զենք քաղաքական կամ գուցե ոչ քաղաքական նպատակներով, որը կա՛մ հասել է ՊՆ, կա՛մ տեղեկատվության արտահոսքի եւ որոշ անձանց շփոթմունքի պատճառով ուղարկվել քաղաքական ուժի ներկայացուցչին:
ԳԵԼԻ ՈՒ ՓԱՅՏՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՊ ՉԿԱ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ