ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Ռայներ Մորելի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ շեշտելով, որ նրա գործունեությունը հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման համար արդյունավետ է եղել: Շեշտելով, որ Գերմանիան Հայաստանի կրթական ոլորտի կարևոր գործընկերներից է՝ նախարարն ընդգծել է հատկապես վերջին տարիների միջբուհական կապերի դինամիկ զարգացումը, Երևանում Գյոթեի անվան գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը, Հայաստանի դպրոցներում գերմաներենի ուսուցմանը և Գերմանիայի Հալլե Վիթենբերգ համալսարանի հայագիտական կենտրոնի գործունեությանը ուղղված Գերմանիայի կառավարության աջակցությունը :
ՀՀ ԿԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ մայիսի 14-15-ը, Երևանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին մասնակցության համար: Դեսպանն իր հերթին շնորհավորելով ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակրպվածության համար՝ շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այդ միջոցառման իրականացման գործում մեծ է եղել նախարարի անձնական ներդրումը: Ռ. Մորելը նշել է նաև, որ իր՝ իբրև դեսպանի աշխատանքային գործունեության մեջ կրթության ոլորտը առանձնահատուկ տեղ է զբաղեցրել, իսկ Հայաստանում աշխատելը եղել է հաճելի. ինքն այստեղից հեռանում է սիրով և տպավորված՝ պատմական երկրի անցած ճանապարհով:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը, հայ-գերմանական կրթական համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար, դեսպան Ռայներ Մորելին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր: