ՓԱՓԿԱՍՈՒՆ ՏԻԿՆԱՆՑ ՊԻՑՑԱՅՈՎ ՊՏՈՒՅՏԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հյուր էի գնացել ծանոթներիցս մեկի տուն` ավանդական աշնանային խաշկերույթի: Նույն առիթով այնտեղ հյուր էր նաեւ հատուկ ծառայությունների աշխատակից մի երիտասարդ, որն անչափ հետաքրքրական մանրամասներ պատմեց իր վերջին ուղեւորության մասին: Միանգամից ասեմ, որ երիտասարդի անկեղծությունը եւ աշխատանքը իմ պատկերացմամբ անհամապատասխան էին, եւ ես ուղիղ հարցրի նրան. «Ձեր աշխատակիցների մասին կարծիք կա, որ անգամ տանն եք վախենում անկեղծ լինել, բայց Դուք…»: Երիտասարդն առանց ձեւականությունների պատասխանեց. «Բայց ես չեմ խոսում այն մասին, թե ես ինչ էի անում այնտեղ. ես ուրիշների մասին եմ պատմում, չէ՞»: Ինչեւէ:
Ուրեմն, երիտասարդը վերջերս մեկնել էր Բելգիա եւ վերադարձել տպավորությունների այնպիսի բեռով, որ լռել չէր ստացվում: Նա, որքան հասկացա, ուղեկցել էր հայաստանցի մի ռեժիսորի, որը մտադիր է բելգիահայ համայնքի մասին ֆիլմ նկարել: Դատելով ամեն ինչից՝ կարող է շատ ուրախ ֆիլմ լինել: Բայց քանի որ ենթադրում եմ, որ ամեն ինչ կներկայացվի վարդագույն ակնոցներով, որովհետեւ գումարներ պետք է հավաքի հարուստ հայերից եւ պարտավորված կզգա ներկայացնել հասարակական-մշակութային բուռն կյանքով ապրող բելգիահայության պայծառ կյանքը, ուզում եմ պատմել այն, ինչին ականատես է եղել նրա ուղեկից երիտասարդը: «Եթե ես լինեի ռեժիսոր, Ֆելինիի մակարդակի ֆիլմ կնկարեի. ա՛յ էդքան նյութ կա»,-ասաց նա:
Ես, իհարկե, չեմ կարող երաշխավորել, թե նրա ասածները որքանով են ճշմարիտ, բայց որ հետաքրքիր են, հաստատ է: Եւ ամենակարեւորը` այս տվյալները պետք է հետաքրքրեն մեր որոշ պետական կառույցներին, եթե վերջնականապես չենք ուզում վերածվել «իզգոյ» երկրի:
Առաջինը նա ներկայացրեց «ազնիվ ճանապարհով փող աշխատելու» զուտ հայկական մի եղանակի մասին կոնկրետ օրինակով: «Տիկնանց միություն» անվամբ մի կազմակերպություն, որը Բելգիայում գործում է բառացիորեն Հայ եկեղեցու Բելգիայի թեմի առաջնորդ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի հովանու ներքո, վերջերս կազմակերպել է ուխտագնացություն դեպի Վենետիկ: Չէ՞ որ ասված է. «Մշտական սաղմոսներ էին նրանց բերանների մրմունջները. իսկ կատարեալ մխիթարութիւնը մարգարէների [գրքերի] ընթերցումն էր»: Այդ տիկնանց եւ տեր Զատիկի միջեւ բիզնեսի բոլոր օրենքներով փոխշահավետ համագործակցություն կա, որի շրջանակներում էլ կազմակերպվել է ուխտագնացությունը: Բանն այն է, որ դրա դիմաց բելգիական կառավարությունից բավական պատկառելի սուբսիդիա պետք է ստանան, որը «ատկատի» հին, հայկական օրենքով մասնակիորեն վերադարձվում է տեր Զատիկին: Բացի այդ, տիկնայք տեր Զատիկին ապահովում են, մեղա մեղա, «հաճախորդներով»: Գործում է կայուն գնացուցակ. մկրտության կարգի համար` 300 եվրո, պսակադրության համար` 600, պատարագի համար` 200: Տիկնայք փափկասուն բելգիահայ աշխարհի հաջողակ «բրոքերներ» են եւ ապահովել են իրենց կայուն եկամուտը:
Բայց վերադառնանք Վենետիկ: Լավ, թեկուզ հանուն լրավճարի՝ տիկնայք ուխտի են գնացել, ի՞նչ կա որ: Բան չէր լինի, եթե տիկնանց մեջ գոնե մի քանիսը հասկանային, թե ուր են գնում, եթե այդքան գավառացի չմնային Եվրոպայի կենտրոնում: Ուխտավորները, բնականաբար, պետք է նաեւ սնվեին: Որոշել են իտալական պիցցա վայելել, նախապես պատվիրել են վենետիկյան մի պիցցերիայում, բայց… իրենց խմբի մասնակիցների ճիշտ կեսի չափով, որ… կիսեն ուտեն: Հետո, երբ պայմանավորված ժամին գնացել են, պարզվել է` պիցցերիայում ազատ տեղ են նախատեսել ճիշտ պատվիրված պիցցաների թվով, այսինքն` եթե քսան պիցցա` քսան տեղ: Քանի որ իրար գիրկ չէին կարող նստել, կես-կես պիցցաները վերցրել են եւ կրծելով ուղեւորվել Սուրբ Ղազար կղզի: Երեւի պիցցան կերել են որպես նշխար` համարելով, որ լավ շփվեցին հայ մշակույթի ու հոգեւոր կյանքի հետ: Ինչպես հնում, այս տիկնայք էլ, փաստորեն, սակավապետ են, Եղիշեի վկայությամբ` «Նմանւեցին անարիւն ճպուռներին, որոնք իրենց երգի քաղցրութեամբ ապրում են առանց կերակրւելու եւ կենդանի են միայն օդ ծծելով՝ նմանւելով անմարմիններին [հրեշտակ]»: Ապագայի պատմիչներն այս տիկնանց մասին կգրեն, որ նրանք համարյա հրեշտակ էին եւ կես պիցցայով էին հագենում:
Միաբանության վանականները տարակուսած են մնացել՝ ասելով, որ առաջին անգամ են հյուրընկալում այսքան անտեղյակ խմբի: Երբ ուղեկցող վանականը ներկայացրել է, որ այս վանքում եղել է նաեւ Բայրոնը, տիկնանցից մեկը գոչել է. «Վա՜յ, Բայրոնն է՞լ ա հայ եղել»:
Վենետիկյան ուխտագնացության մասին այնուհետեւ բավական խոսվել է համայնքում: Ըստ երիտասարդին հասած լուրերի` պատրաստվում են նոր ուխտագնացության, դարձյալ տեր Զատիկի հովանավորությամբ, այս անգամ` ուղիղ Ավարայրի դաշտ, որպեսզի իրապես դառնան «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի», բայց այս այցը կլինի խնայողության ավելի խիստ ռեժիմով` սեփական բրդուճներով:
Բելգիահայ համայնքի մշակութային-հասարակական կյանքի խորապատկերում Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության իսկական պերճանքների եւ ավելի քան իսկական թշվառության մասին` հաջորդ անգամ:

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Իտալիա




Լրահոս