Խորհրդարանում այսօր քննարկվում էր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթում ներառված է փոփոխություն, որը վերաբերում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին։ Փոփոխությամբ սահմանվելու է նոր կարգ, որով էլ պարզ կլինի, թե ովքեր կարող են դիմել Արբիտրաժային դատարան: Եթե նախկինում Արբիտրաժային դատարան դիմում էին միայն առևտրային բնույթի բոլոր հարաբերությունների կարգավորման համար, ապա այժմ օրենքով նախատեսվում է ներառել նաև այլ ոլորտներ։
Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա վիճակագրական տվյալներ ներկայացրեց, և նշեց, որ մեկ տարվա ընթացքում տարբեր տեսչությունների կողմից կազմվել է 1,5 մլն վարչական ակտ, պատժելի որոշումեր են կայացվել և մարդկանցից գումարներ են բռնագանձվել: «Այսինքն՝ մարդկանց լսելու իրավունքը ոտնահարված է, սեփականության իրավունքը խախտված է: Մի հատ Օմբուդսմեն ունենք, Սահմանադրական դատարան որոշում էր բերել, սպասեցինք, սպասեցինք, հետո ի՞նչ, պարզվեց, ինչպես ասում են, մի հրաշալի անձնավորություն… արդեն քիչ ա մնում, որ գործը քննվի, Օմբուդսմենը դիմում է և գործը հետ է վերցնում, ասում ա գիտեք ինչ՝ պառլամետում քննարկում են այս հարցը, շահարկում են, և ես հետ եմ վերցրել»,- հիշեցրեց Մարուքյանը։
Մարուքյանը նշեց, թե չի կարող լինել լեգիտիմ նպատակ բոլոր վարչական խախտումներն արձանագրելու ու բռնագանձելու համար: «Դուք սկի բոլոր գողերին չեք բռնել, մարդասպաններին չեք բռնել, ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին բռնեք, ո՞վ է ասել, չկա նման տրամաբանություն»,- նշեց նա` անդրադառնալով կարմիր գծի վրա կանգնելու համար սահմանված տուգանքներին:
Նա հայտարարեց, թե պատրաստվում է նոր նախագիծ բերել, որը միգուցե և չհամապատասխանի կառավարության տեսակետին:
«Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել, մենք պետք է այնպես անենք, որ դատարաններն այդ գործերը լսեն, թե այդ վարչական ակտն ինչ չափանիշներով է կազմվել ու լեգիտիմ է կազմվել: Հետո հասնենք նրան, որ տուգանքների չափերը նվազեցվեն», – հավելեց նա: