Հոկտեմբերի 15-ին Մուշ-2 եւ Անի թաղամասերում շահագործման հանձնվեց 1756 բնակարան: 24 տարիների դրոշմն իր վրա կրող, քայքայված ու խարխուլ տնակներում իրենց գոյությունը մի կերպ պահպանած բնակիչների ուրախությունը բնակարանամուտ տոնելու օրն անսահման էր: Նրանցից շատերն էին անհամբերությամբ սպասում նորակառույց բնակարանի բանալիների ստանալուն ու հաջորդ օրն եւեթ տեղափոխվելուն: Բարեկարգ թաղամաս՝ գեղեցիկ, նորաոճ, կառուցապատված բակերով ու նստարաններով, արտաքինից գեղեցիկ շենքեր. մի խոսքով, կարծես ուրիշ քաղաք հիշեցնող այս թաղամասում բնակվել շատերը շտապեցին: Սակայն տեղափոխվելուց հետո բնակիչների դժգոհություններն իրենց սպասեցնել չտվեցին: Բնակարան ոտք դնելուն պես մի քանի շենքերում բնակիչներն անակնկալի էին եկել՝ ջեռուցման կաթսաների փոխարեն ջրատաքացուցիչներ հայտնաբերելով: Այնուհետ բնակիչներն այլ թերություններ եւս հայտնաբերեցին` կապված դռան փականների, պատուհանների, վարդակների հետ, իսկ ջրամատակարարում ստանալուց հետո՝ նաեւ ջրատար խողովակների հետ` չնայած ոչ բոլոր շենքերն են ջրամատակարարմամբ ապահովված:
Թաղամասում ջրամատակարարումն իրականացվում է շենք առ շենք, բայց մինչ օրս երկու թաղամասերի նորակառույց շենքերը զրկված են բնական գազից օգտվելու հնարավորությունից: Բնակիչներից տեղեկացանք, որ գազամատակարարման ձգձգումը հետեւանք է շենքերի ծխատարների հետ կապված որոշակի խնդիրների: «Մանր-մունր թերություններ կան, որոնք վերացվում են»,-ասաց ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը: Նրա տեղեկացմամբ՝ մի քանի օրից երկու թաղամասերում կտեղադրվեն գազի հաշվիչ սարքերը, եւ շահագործման կհանձնվեն գազօջախները, իսկ ջեռուցման կաթսաները կշահագործվեն ավելի ուշ:
Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, եթե ներկայում շահագործվեն տեղադրված ջեռուցման կաթսաները, մտավախություն կա, որ ծխատարները 3-4 տարի հետո կքայքայվեն, ինչն արդեն անվտանգ չի լինի բնակիչների համար: Այս պարագայում առաջ է եկել անհրաժեշտություն՝ բնակարաններում տեղադրված երկկոնտուրանի ջեռուցման կաթսաները փոխարինել առավել անվտանգ՝ տուրբո գազի կաթսաներով: Մեր տեղեկություններով՝ երկու թաղամասերի շենքերը շահագործման հանձնելուց հետո գազասարքերի, ծխատարների անվտանգությունը, դրանց ստանդարտներին համապատասխան լինելը ստուգելու համար ստեղծվել է հանձնաժողով: Այդ հանձնաժողովի իրականացրած ստուգումներից հետո էլ արվել է նման առաջարկություն, որը եւ ընդունվել է «Գլենդել հիլզ» ընկերության կողմից:
Թե երբվանից է իրականացվելու ջեռուցման սարքերը փոխելու գործընթացը, ում կողմից է եղել նման առաջարկություն, եւ որն է դրա պատճառը, կանդրադառնանք «Ժողովուրդ»-ի առաջիկա համարներից մեկում:
Գյումրի