«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: Ըստ նույն տեղեկությունների՝ հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկական «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է: Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում են դարձել նաեւ ՀՀԿ-ականների բիզնեսները: Այսինքն՝ ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: Իսկ դրանց արդյունքում կազմվող ակտերով նշանակվող տուգանքները ՀՀԿ-ականների համար լուրջ գլխացավի առարկա են դարձել, քանի որ նրանք սովոր չեն «անարդարության» եւ միշտ համոզված են եղել, որ իրենք ապահովագրված են նման ճակատագրից: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից հերթագրվում են՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու իրենց հանդեպ տեղի ունեցող «անարդարության» մասին նրան տեղեկացնելու համար: Այսինքն՝ ՀՀԿ-ականների մոտ համոզմունք կա, որ տեղի ունեցող գործընթացի մասին Սերժ Սարգսյանը կարող է տեղյակ չլինել: Ի դեպ, նա իրեն հենց այդպես` անտեղյակի պես էլ պահում է՝ միայն հայտնելով, թե կհրահանգի օբյեկտիվ լինել: Այսինքն՝ չստուգման կամ չտուգանելու խոստում Ս. Սարգսյանը չի տալիս: Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իշխանությունները որոշել են առաջիկայում անգամ յուրայիններին տուգանելու միջոցով լցնել պետբյուջեն, քանի որ ոչ յուրայիններից այլեւս գումար «պոկելու» տեղ չի մնացել: Իսկ էլ փող չկա:
Նախօրեին ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի, Ալան Միլի եւ հայկական պատվիրակության անդամների հանդիպումն անցել է թեժ մթնոլորտում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համազեկուցողներին մեղադրել են միակողմանի եւ իրականության հետ կապ չունեցող փաստաթուղթ կազմելու մեջ: Նշված համազեկուցողները ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հունիսի 22-ից 26-ը կայանալիք ամառային նստաշրջանի ժամանակ պատրաստվում են քննարկման ներկայացնել բանաձեւի մի նախագիծ, որտեղ նշված է, թե իբր «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Փաստաթուղթը հիմնված է միայն Ադրբեջանի կարծիքի վրա, իսկ Հայաստանի տեսակետի մասին խոսք անգամ չկա: Հիշեցնենք, որ սա հենց այն փաստաթուղթն է, որը կանխել չկարողանալու համար ժամանակին սուր քննադատության ենթարկվեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ նրա ընկերների կողմից Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին ծեծելու պատմությունը մինչ օրս չի պարզաբանվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել այս պատմության մի շարք մանրամասներ: Այն, որ Խաչատրյանները ողջ գերդաստանով են մասնակցել երկու հոգու ծեծին, կարելի էր ի սկզբանե կռահել: Բայց ամենազարհուրելին ոստիկանների պահվածքն է: Զաքարյան եղբայրներին ծեծելուց հետո Տիգրան Խաչատրյանը «զորքի» հետ Մուշեղին տարել է քիչ հեռու գտնվող հանգստյան տան տարածք, եղբայրը` Հարությունը, ծեծված եւ անգիտակից վիճակում մնացել է դաշտում ընկած: Նշված տարածք ժամանած ոստիկանները ոչ թե զբաղվել են տուժածներին անմիջապես հիվանդանոց տեղափոխելով, ծեծկռտուքի մասնակիցներին բերման ենթարկելով, այլ շրջափակել են հանգստյան տան տարածքը, Մուշեղին «գերի» վերցրել եւ սպասել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ժամանելուն: Իհարկե, դեպքից հետո Գորիսի ոստիկանապետը հեռացվեց աշխատանքից, բայց գործով կան «անհետացած» մարդիկ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անսպասելի մեկնել է արտերկիր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղ է ՀՀ վարչապետը, ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից այսպիսի պատասխան տվեցին. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է արտերկիր»: Նկատենք, որ հենց այս այցի համար էր, որ Կառավարության նիստի օրը հինգշաբթիից տեղափոխվեց չորեքշաբթի: Իսկ թե ինչ է թաքնված այդ «մասնավոր այցի» մեջ, եւ ինչու է գաղտնի պահվում անգամ, թե որ երկիր է նա մեկնել, պարզ չէ: Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել՝ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ռուսական կողմի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու համար: Բայց կողմերը նախընտրել են այդ հանդիպումը ոչ պաշտոնական ֆորմատով կազմակերպել` ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ-ում էր գտնվում ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը հանդիպեց նաեւ Սերժ Սարգսյանի հետ ու, հավանաբար, կիսատ հարցեր են մնացել, որոնք պարզելու համար վարչապետը ՌԴ մեկնեց:
ԱՆՊԱՏՎԻՐԱԿ
Մայիսի 28-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը, որը կազմվել է հայտնի «խավիարասերների»` ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունդի եւ լեհ խորհրդարանական Թադեուշ Իվինսկու կողմից, քվեարկության կդրվի արդեն հունիսի 22-26-ին` ամառային նստաշրջանի ընթացքում: Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ Ադրբեջանում տիրող ժողովրդավարության ճգնաժամը, մարդու իրավունքների եւ ազատությունների համատարած ոտնահարումն ու ալիեւյան կլանի դիկտատը ղարաբաղյան հակամարտության հետեւանքով են, եւ այս ամենում մեղավոր են Հայաստանը եւ հայկական լոբբին: Ավելին՝ զեկույցում նշված է, որ «Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը»:
Այս օրերին Երեւանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը, սակայն, անպատասխան են թողել հայկական պատվիրակության անդամների` նախօրեին ՀՀ ԱԺ-ում հնչեցրած քննադատությունը` նշելով, թե իրենք հիմնականում կենտրոնացած են ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների ընթացի ուսումնասիրության վրա: Իսկ հայկական կողմի պնդումները, թե Ղարաբաղի հարցով մեր մոտեցումները եւս պետք է տեղ գտնեն զեկույցում, կարծես թե ըմբռնումով չեն ընդունվել: Այս կապակցությամբ երեկ իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը` նշելով, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը եւ, ընդհանրապես, բանակցային գործընթացին։
Նկատենք, որ այս ողջ ընթացքում Ստրասբուրգում լսելի չեղավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ձայնը: Եվ եթե դեռեւս մեկ տարի առաջ մեկնարկած գործընթացը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով տխրահռչակ զեկույցի շուրջ, կարծես թե առժամանակ սառեցվեց դրա հեղինակ, բրիտանացի պատվիրակ Ռ. Ուոլթերի կողմից մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չվերընտրվելու արդյունքում, ապա Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին այս նոր խայտառակ զեկույցն արդեն անխուսափելիորեն դառնալու է բանաձեւ եւ հզոր գործիք ադրբեջանական քարոզչության ձեռքում:
Եթե մեր պատվիրակները, բացի Հայաստանից բոցաշունչ հաթաթաներ հնչեցնելուց, ունակ չեն տեղում հակաքայլեր ձեռնարկել, ապա լավ կանեն՝ գոնե բոյկոտեն առաջիկա նստաշրջանը եւ ոչ թե, ինչպես մայիսի 28-ի նիստում, հանգիստ հետեւեն, թե ինչպես է ընդունվում հակահայկական փաստաթուղթն ու վերադառնալով Երեւան` իրենց մտահոգությունը հայտնեն դրա վատ հետեւանքների մասին: Ի վերջո, նրանց գործը ոչ թե մտահոգություն հայտնելն է, այլ այդ մտահոգության պատճառները կանխարգելելը: