ՀՀ պետական բյուջեի 2014թ. կատարողականի քննարկումներն ամբողջությամբ բնորոշեցին Հայաստանի խորհրդարանում ներկայումս տիրող «տխուր» իրավիճակը: Փաստորեն, պետբյուջեի կատարողականի քննարկումն այս անգամ նույնիսկ մեկ օր անգամ չտեւեց: Վերջին տարիներին սա պետբյուջեի կատարողականի ամենակարճ քննարկումն էր:
Օրինակ՝ 2013 թվականին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանը, 2012-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նախկին վարչապետին եւ նրա Կառավարությանը ներկայիս խորհրդարանի անդամները, մեղմ ասած, ողջ-ողջ թաղեցին, էլ չասենք 2013-ի աշնանը, երբ քննարկվում էր 2014-ի պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանականները Տիգրան Սարգսյանին այն վիճակին էին հասցրել, որ նրան չսիրողներն անգամ մի պահ սկսել էին կարեկցել:
Իհարկե, այս կատարողականի քննարկումների ժամանակ էլ քննադատություններ հնչեցին, բայց ինչպես ընդունված է ասել՝ դրանք կառուցողական բնույթի էին: Մի խոսքով, անվիճելի փաստ է, որ խորհրդարանի ոչ միայն իշխանական մեծամասնությունը, այլ նաեւ իրենց ընդդիմադիր հռչակած խմբակցությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա ղեկավարած Կառավարության հանդեպ մի տեսակ «բարի» են տրամադրված:
Ու երբ ներկա Կառավարության անհաջողությունների մասին է խոսք գնում, բոլորը շտապում են պաշտպանել Հովիկ Աբրահամյանին` ասելով, թե իբր վատ ժառանգություն է ստացել: Մարդիկ մոռանում են այն պարզ հանգամանքը, որ վատ ժառանգության դեպքում արած աշխատանքն ավելի շուտ է երեւում, մազաչափ հաջողությունը երբեմն նույնիսկ գերան կարող է թվալ: Բայց ինչ պետք է անի կամ ինչ կարող է անել Հովիկ Աբրահամյանը, որպեսզի Հայաստանի տնտեսությունը սկսի զարգանալ: Փաստացի այն, ինչ պետք է արվի իրավիճակը շտկելու համար, ո՛չ Հովիկ Աբրահամյանը եւ ո՛չ էլ ներկա իշխանական վերնախավից որեւէ մեկը չի կարող անել: Դա է նաեւ պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը բոլոր մտահոգ գործիչներին համագործակցության կոչ է անում, բայց արդյունավետ ոչ մի պատասխան չի ստանում: Բնականաբար, տրամաբանությունից զուրկ է այն տարբերակը, որ Աբրահամյանի համագործակցության կոչին, ինչ-որ մեկը ի պատասխան՝ կառաջարկի իշխանափոխություն եւ դա կներկայացնի որպես բարի ցանկություն:
Մյուս կողմից ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ վաղուց համոզված կլինի, որ ոչինչ չի կարողանալու փոխել: Միակ բանը, որը նա կարող էր անել, այսօրվա քաղաքական ուժերին համոզելն էր, որ նրանք իր նկատմամբ բարեհաճ գտնվեն: Այս խնդիրը լուծելու բազմաթիվ ուղիներ կարող են լինել: Օրինակ՝ նախկին այլընտրանք ոչ իշխանականների դեպքում նա կարող է կուսակցության պահպանման համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծել, մյուսի դեպքում ապագա կոալիցիայում տեղեր խոստանալ, մեկ այլի պարագայում խնդրի լուծումը կարող է զուտ անձնական մակարդակում լինել, ասենք՝ ընդդիմադիր պատգամավորի որդուն կամ աղջկան լավ աշխատանքով ապահովելու կամ նրանց բիզնեսներին արտոնություն տալու ձեւով, եւ այսպես շարունակ: Արդյունքում, բոլորը գոհ են եւ բավարարված. Հովիկ Աբրահամյան գործոնն էլ նրանց չի նյարդայնացնում, եւ ԱԺ ամբիոնից նրան ոչնչացնելու բոլոր ցանկություններն էլ վերանում են: Այս գործընթացում խնդիր առաջացնող միակ գործոնն այս ամենին ականատես ՀՀ քաղաքացիներն են: Եւ որպեսզի այս խնդիրն էլ լուծվի, իրենց ընդդիմություն հռչակած խմբակցությունները դեմ կամ ձեռնպահ քվեարկություններով հարցը փակեցին:
2014-ի բյուջեի կատարողականի քվեարկությունը ԱԺ-ում հենց այդպես էլ եղավ` 66 կողմ, 17 դեմ եւ 15 ձեռնպահ: Կողմերը, բնականաբար, ՀՀԿ-ի պատգամավորները եւ ԲՀԿ-ից հեռացածներն էին, ձեռնպահը՝ ԲՀԿ-ականները, իսկ դեմը` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Նրանք բոլորը կարող են արդարանալ, թե տեսաք՝ դեմ քվեարկեցինք, բայց ՀՀԿ-ականները մեծամասնություն են, անցկացրին: Կարեւորը նրանք բոլորն իրենց «խելոք պահեցին» եւ Հովիկ Աբրահամյանի հետ չվարվեցին այնպես, ինչպես ժամանակին Տիգրան Սարգսյանի հետ էին վարվում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ
Նախօրեին Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին հայաստանյան քաղաքական դաշտը փաստացի բոյկոտել է: Բանն այն է, որ համազեկուցողները ցանկացել են Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպել, սակայն նրանց հետ զրուցելու ցանկություն են հայտնել միայն խորհրդարանական խմբակցությունների` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ ներկայացուցիչները: Համազեկուցողների բոլոր փորձերը` հանդիպելու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, արդյունք չեն տվել: Ծառուկյանն ընդհանրապես չի արձագանքել, Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպումը մերժել է, իսկ Ր. Հովհաննիսյանն էլ երկրում չէ: Հիշեցնենք, որ հենց նշված համազեկուցողները պատրաստվում են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հունիսի 22-26-ին կայանալիք ամառային նստաշրջանի քննարկմանը ներկայացնել բանաձեւի մի նախագիծ, որտեղ նշված է, թե իբր «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Եվրոյոնջաներին հավանաբար թվացել է, թե Հայաստանի ընդդիմադիրները հերթական եվրոպացի չինովնիկի առաջ լացելու առիթը բաց չեն թողնի: Իսկ իրենք էլ այդ հանգամանքը կօգտագործեն փաստաթղթում Հայաստանին որպես օկուպանտ եւ բռնապետություն ներկայացնելու համար: Բայց չի հաջողվել:
«ԴՈՒԽՈՎ» ՏՂԱ
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» երեկ ռուսական կայքերի միջոցով շրջանառության մեջ է դրել իրենց ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հարցազրույցի մի տեքստ, որտեղ սույն պաշտոնյան իբր փորձում է պարզաբանել, թե ինչու են իրենք ցանկանում էլէներգիայի սակագինը թանկացնել: Ավելին՝ հարցազրույցի ռուսերեն եւ հայերեն տեքստերը տարածել են՝ նշելով, թե իբր Եվգենի Բիբինը «մի խումբ լրագրողների հետ ունեցած զրույցում փորձել է մի շարք պարզաբանումներ ներկայացնել ընկերության խնդիրների մասին»: Սակայն իրականում նա խուսափել է հարցերին պատասխանելուց՝ հրաժարվելով ոչ միայն ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելուց, այլ նաեւ ասուլիս հրավիրելու մտքից: Նրան թերեւս այդ հարցազրույցը պետք էր այսօրվա լսումների ժամանակ մեջբերումներ անելու համար:
«ՋԵՐՄ» ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ երեկոյան, ՀՀ ժամանած Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականին հայ երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում բավականին «ջերմ» են դիմավորել` սուլոցներով եւ հայհոյանքներով: Ոստիկանների շղթայի միջով պորտուգալացիներն արագ նստել են իրենց սպասող ավտոբուսը եւ ուղեւորվել Երեւանի «Մարիոթ» հյուրանոց: Սա հայ երկրպագուների պատասխանն է Պորտուգալիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականին Պորտուգալիայում վատ դիմավորելուն: Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Պորտուգալիա խաղը կմեկնարկի վաղը՝ ժամը 20:00-ին, Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԲԻԲԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը «Արմինֆո»-ին տված հարցազրույցում քննադատել է հայաստանյան իշխանություններին: «Սակագնի բարձրացումն այսօր հարկադրված միջոց է: Այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը ժամանակին ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով։ Այլ կերպ ասած՝ եթե կառավարությունը այս սեգմենտում կատարեր շուկայական արդար բարեփոխումներ: Բայց, ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում կուտակվել են ահռելի պարտքեր»,- նշել է Բիբինը` ընդգծելով, որ առաջացող այդ պարտքերի մասին երկու տարի շարունակ Հայաստանի իշխանություններին ուղղված իրենց բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան։
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցին, երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասել է.«Անկախ սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով՝ ի տարբերություն մեծ ծավալով էլեկտրաէներգիա սպառողների: Անհրաժեշտության դեպքում ռազմավարական նշանակության օբյեկտների համար կվարվի սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»: Հիշեցնենք, որ խոսքը Արցախի մասին է, իսկ Հայաստանում սպասվելիք թանկացումները զգալի են լինելու բոլորի, անգամ նպաստառու ընտանիքների համար, որոնց, թեեւ, Կառավարությունը սուբսիդավորելու է, բայց ինչպես նախկինում` մասնակի:
ԴՈՒՐՍ ՄԵՐ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որով հայտնում է, որ պատկան մարմիններին է ներկայացնում իր նոր պահանջները՝ 1. վերացնել կարմիր գծերը, 2. վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր եւ ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի եւ վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ, 3. նախկին տուգանքների եւ դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում, 4. ապահովել մատչելի երթեւեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով:
ԹԱՆԳԱՐԱՆ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
2016-ին Եռաբլուր զինվորական պանթեոնին հարող տարածքում կբացվի Ազատամարտիկների թանգարան: ՊՆ-ի փոխանցմամբ, նախագծային հաշվարկներին եւ իրականացվելիք աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ Եռաբլուր է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ իր առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ:
ՊԱՊԻՆ ՍՊԱՍԵՑՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին մեկ ժամով ուշացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից: Ռոյթերսի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զուսպ է եղել Պուտինի հետ, Վատիկանի զեկույցում չկա նաեւ «cordial»՝ ի սրտե բառը, որը օգտագործվում է գրեթե բոլոր նմանատիպ զեկույցներում: Հանդիպումը տեւել է շուրջ մեկ ժամ եւ անցել փակ դռների հետեւում: Ինքը` Պուտինը, հանդիպումը գնահատել է որպես «լավ»: