«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երեկ չէր բարեհաճել ներկայանալ Հայաստանի խորհրդարան եւ մասնակցել լսումներին, որոնք նվիրված էին էլէներգիայի սակագնի առաջիկա բարձրացմանը: Բիբինը փաստացի խորհրդարանին գրողի ծոցն էր ուղարկել` ասելով, որ ինքը զբաղված է եւ չի կարող լսումներին մասնակցել: Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանում չէր կարող լինել որեւէ այնպիսի գործ, որը իր կարեւորությամբ գերազանցեր այդ լսումները: Սակայն դա մեր` ՀՀ քաղաքացու տեսանկյունից է այդպես: Իսկ Բիբինի տեսանկյունից ՀՀ խորհրդարանն ի՞նչ իրավունքով պետք է իրեն կանչի եւ պարզաբանում պահանջի: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը գիտի, որ ՀՀ պետական ատյանների պարտականությունների մեջ է մտնում իր բոլոր քմահաճույքների հետ համակերպվելը: Թերեւս սա էր պատճառը, որ նույնիսկ իշխանական պատգամավորները չէին կարողանում զսպել իրենց զայրույթն առ Բիբին` շատ լավ գիտակցելով, որ նրա արհամարհանքի հասցեատերը հենց իրենք են: Իհարկե, նորմալ երկրում իշխանությունը չէր հանդուրժի իր` պետական ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունք` օտարերկրյա վարձկանի կողմից: Բայց ինչ արած, ունենք այն, ինչ ունենք:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է լսումներ կազմակերպել Վալերի Պերմյակովի գործի վերաբերյալ եւ խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա պատգամավորներին ներկայացնի գործի նախաքննության ընթացքը: Այդ քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Երբ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է պատրաստվում տալ Փոստանջյանի բարձրացրած հարցին, նա ասաց. «Եթե իմ գործընկերները նման բովանդակությամբ նամակ կուղարկեն, ապա ես այն կուղարկեմ ՀՀ քննչական կոմիտե ու կխնդրեմ, որ գան եւ մեր հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեն»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան: Բանն այն է, որ Սյունիքի թռչնաֆաբրիկան 30 միլիոն դրամից ավել գումար է պարտք եղել «Արաքս» թռչնաֆաբրիկային եւ չի կարողացել այն վերադարձնել: Արդյունքում, «Արաքսի» տնօրինությունը պահանջել է պարտքի դիմաց իրենց տալ ֆաբրիկան: Ի դեպ, Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերն էին Արթուր Գեւորգյանն ու ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել Գեւորգյանների հետ: Արթուր Գեւորգյանը նախ ասաց, որ ինքը չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ որեւէ բան քննարկել: «Չէ, խնդիրներ չկա, ես զբաղված եմ»,-ասաց մեր զրուցակիցն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց զրուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ: Նշենք, որ այս թռչնաֆաբրիկան պատկանում է «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 598 միլիոն 700 հազար դոլար: Չնայած վերջին մեկ ամսում պահուստները ավելացել են մոտ 100 միլիոն դոլարով, սակայն ներկայիս ցուցանիշը դեռ չի հասել անգամ անցած տարվա հոկտեմբերի թվին, երբ Հայաստանի միջազգային պահուստները եղել են 1 միլիարդ 671 միլիոն դոլար: Ավելին՝ ինչպես հայտնի է՝ վերջին մեկուկես տարում` մինչեւ այս տարվա մարտը, Հայաստանի միջազգային պահուստներն անընդհատ նվազել են: Բավական է նշել, որ 2013-ի սեպտեմբերին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 միլիարդ 430 միլիոն 600 հազար դոլար: Իհարկե, շատ լավ է, որ ՀՀ կենտրոնական բանկը վերջին երեք ամիսներին ձեռնամուխ է եղել Հայաստանի միջազգային պահուստների վերականգնմանը, բայց արդյոք այդ գործընթացը կկարողանան շարունակել, ցույց կտա ժամանակը:
ԿՈՒՇՏ ՈՒ ԴԺԲԱԽՏ
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կողմից տնտեսության զարգացման խոստումներին եւ դրանք իրագործելու նախադրյալների առկայությանը, ասել է.«Հովիկ Աբրահամյանը կուշտ մարդ է եւ դժվար նա նպատակ ունենա վարչապետի աթոռին ավելացնել հարստություն, չեմ կարծում, որ նման նպատակ կունենա, հակառակ նպատակը կունենա, միգուցե նաեւ սեփական կորուստների հաշվին սոցիալական, քաղաքական կապիտալը ավելացնի»:
Թե ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հասցեին նման դիֆերամբների հնչեցումը սովորաբար չափազանց ինքնահավան Արմեն Դարբինյանի կողմից, առայժմ դժվար է ասել, թեեւ չի բացառվում, որ դա տեսանելի դառնա առաջիկայում: Սակայն այն, որ Աբրահամյանի կուշտ լինելու մասին խոսում է Դարբինյանը, արդեն իսկ մինուս է Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ հանրությունը դեռ չի մոռացել, թե ինչպես էր մեկը մյուսի հետեւից կասկածահարույց բարեփոխումների անվան տակ ՀՀ տնտեսական հզորությունները փոշիացնում մանուկ հասակից բացառապես «խավիարով կշտացած» Արմեն Դարբինյանը: Նա, ինչպես հիշում ենք, մանկուց խավիար ուտելը համարում էր իր ամենամեծ առավելությունը` առանց նեղվելու, որ այդ խավիարը ինքը կերել էր մսի կոմբինատի տնօրեն հայրիկի` խորհրդային տարիներին անհասկանալի ճանապարհով աշխատած փողերով:
Եւ, առհասարակ, հատկապես այս օրերին, երբ պարզ է դառնում, որ տարիներ առաջ ՀՀ իշխանությունների կայացրած խայտառակ որոշումների արդյունքում Հայաստանի էներգահամակարգը կարող է հայտնվել կոլապսի մեջ, բարձրանում է նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Եվ այս իմաստով հատկապես արդիական է դառնում բաշխիչ էլէկտրական ցանցերի նախ` սեփականաշնորհման, ապա օֆշորային ինչ-որ անհայտ ընկերությանը վաճառելու գործարքի` ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրության հարցը: Ու թեեւ Հայաստանում տարիներ շարունակ անխնա թալան իրականացրած որեւէ վարչապետ կամ նախարար մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել, ինչպես, օրինակ, դա եղավ Ուկրաինայում կամ Վրաստանում, պետք չէ մտածել, որ ամեն ինչ այսպես էլ շարունակվելու է, եւ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու: Որքան էլ մեր ընդդիմությունն ապիկար է, ծախված եւ անսկզբունքային, հենց իշխանություններն իրենց գործողություններով այդ օրը մոտեցնում են, եւ վստահաբար` առաջիկայում հանրությունը հնարավորություն կունենա ամենայն մանրամասնությամբ պարզելու, թե ինչքան, ինչով եւ ում հաշվին են կշտացել ներկա եւ նախորդ իշխանավորները: