«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ասաց, որ մամուլի հրապարակումը չի կարող դիտվել որպես սուտ մատնություն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ մասին լրատվամիջոցների հրապարակման մասով քննարկում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու անհրաժեշտության հարցը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
-Պարո՛ն Անդրեասյան, վերջին շրջանում բավականին բուռն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գրած նամակը ՀՀ դատախազին, որով նա խնդրում է իր կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի մասին որոշ կայքերում եւ թերթերում հրապարակված լուրերի իսկությունը պարզել եւ պատժել մեղավորներին: Բացի այդ՝ նախարարի կինը նաեւ դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ: Ի՞նչ եք մտածում այդ մասին:
-Որեւէ լրագրողից ահազանգ չեմ ստացել, որ կա ճնշելու կամ զսպելու ցանկություն որեւէ պետական կառույցի կամ պաշտոնյայի կողմից: Միեւնույն ժամանակ հեռակա գիտեմ, որ կա որոշակի դատական վեճ, որին ի պաշտոնե միջամտելու որեւէ իրավասություն չունեմ:
-Իհարկե, որոշ կայքերում արված հրապարակումներից գուցե նախարարի տիկինը վիրավորվելու առիթ ունի եւ կարող է պաշտպանել իր իրավունքները, սակայն զարմանալին այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարն իր կնոջը զրպարտելու համար դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Բայց չէ՞ որ զրպարտությունը ապաքրեականացված է վաղուց:
-Որեւէ քաղաքացու փոխարեն չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ճիշտ կլինի, որ այդ հարցով դիմեք հենց իրենց` պարզելու, թե ինչ նպատակով են դիմել դատախազություն եւ խնդիրներ են փորձել այս ճանապարհով կարգավորել :
-Նշեցիք, որ հեռակա կարգով գիտեք ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ եւ լրատվամիջոցների միջեւ սկսված դատական վեճի մասին, իսկ գոնե չե՞ք ծանոթացել, թե կոնկրետ ի՞նչ հրապարակումներ են եղել, ո՞րն է զրպարտություն, ո՞րն է վիրավորանք այնտեղ տեղ գտած արտահայտություններից: Ի վերջո, խոսքի ազատության պաշտպանությունը եւս Ձեր ամենակարեւոր գործառույթներից է:
-Ես՝ որպես մարդ, ծանոթ եմ Հայաստանում քաղաքական իրավական գործընթացներին ու զարգացումներին, բայց որպես օմբուդսմեն՝ որեւէ բան այդ խնդրով չեմ կարող մեկնաբանել: Առաջին հերթին՝ որովհետեւ որպես պաշտոնյա, որպես հաստատություն՝ ներգրավված չեմ գործընթացներում, իսկ որպես նաեւ մարդու իրավունքների պաշտպան՝ որեւէ իրավունք չունեմ միջամտելու ընթացիկ դատական գործերին:
-Այս օրերին դատախազությունը քննարկում է սուտ մատնության հատկանիշներով լրագողի կամ խմբագրի նկատմամբ քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը: Ըստ Ձեզ՝ հրապարակված նյութերում սուտ մատնության տարրեր կա՞ն:
-Կարող էի տեսակետ հայտնել՝ զուտ իրավական իմաստով նաեւ խորհրդատվություն տրամադրելով այն քաղաքացիներին, ովքեր ունեն կասկածներ, թե արդյո՞ք դատախազության գործողություններն իրավաչափ են, թե ոչ: Եթե, իհարկե, այդ մարդիկ կիսվեին մեզ հետ իրենց խնդրով: Խորհուրդ եմ տալիս առաջարկել Ձեր գործընկեր լրատվամիջոցներին, ովքեր ունեն իրավական խորհրդատվության կարիք, կոնկրետ դեպքով կարող են դիմել մեզ: Իսկ ընդհանուր պետական իմաստով, եթե վերանանք այս գործի շրջանակներից, կարող եմ ասել, որ լրագրողների հրապարակումները, ընդհանուր առմամբ, չեն կարող դիտվել սուտ մատնության հոդվածի շրջանակներում: Ընդհանուր առմամբ ասեմ, որ կոնկրետ դեպքում լրագրողը կարող է, օրինակ, իր հրապարակման մասին նաեւ գրավոր տեղեկացնել դատախազությանը: Բայց ես տեղյակ չեմ՝ կոնկրետ այս գործով եղե՞լ է դատախազությանը գրավոր գանգատ-բողոք, որ տեղի ունեցածը քրեական հանցագործություն է: Սուտ մատնությունը մենք տեսնում ենք հետեւյալ տրամաբանության մեջ, որ պետք է որեւէ քաղաքացի գնա եւ դիտավորյալ, իմանալով՝ ինչ-որ մի բան կեղծ է այդ հանցագործության մասին, մարդու վնասելու համար կոնկրետ ցուցում գրի համապատասխան իրավապահ մարմին եւ ասի, որ այս մարդը կատարել է հանցագործություն, եւ նոր դա կարելի է որակել սուտ մատնություն: Ահա, սա է այն հոդվածի տրամաբանությունը, որի մասին Դուք խոսում եք:
-Այս օրերին մի խումբ քաղաքացիներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում: Քաղաքացիները բարձրաձայնում են, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը պետք է վճարեն իրենք, համարում են, որ ՀԷՑ-ը ոտնահարել է իրենց իրավունքները` իրենց վզին փաթաթելով կուտակած պարտքերը: Այստեղ եւս գործ ունենք մարդու իրավունքների խախտման կոնկրետ դրսեւորման հետ: Ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:
-Փորձել եմ որոշակի միջամտություն ունենալ եւ որոշակի հարցադրումներ եմ ուղղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հատկապես գործընթացի ու բովանդակային առումով: Գործընթացը մեզ համար կարեւոր էր, որ լիներ թափանցիկ եւ հրապարակային: Եվ, ահա, ստացել ենք հրավեր՝ մասնակցելու այդ հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվելու է այդ հարցը, եւ իմ ներկայացուցիչը լինելու է այնտեղ: Ինչպես գիտենք՝ Ազգային ժողովում լսումներ այդ թեմայով եղան, եւ, ահա, այդ քննարկումների արդյունքում մենք էլ Ձեզ հետ կհետեւենք, կտեսնենք՝ արդյո՞ք ողջամիտ են այդ գործողությունները, որոնք իրականացնում են համապատասխան պետական մարմինները: Մինչ այդ լսումների ավարտը՝ եկեք ձեռնպահ մնանք բովանդակային գնահատականներ տալուց:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ
Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի դեմ մահափորձի գործով երկու տարի անց ձերբակալվել է Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Այդինյանը:
Այն, որ մի քանի տարի է, ինչ Աչաջուր համայնքում կրքերը չեն հանդարտվում, հայտնի է բոլորին: Բանն այն, որ դեռեւս 2013 թվականից համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի նկատմամբ մի քանի անգամ մահափորձեր էին իրականացվել: Լրատվամիջոցների հետ զրույցում համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ 2013թ. սեպտեմբերին իր դեմ մահափորձ է կատարել Աչաջուրի համայնքի նախկին ղեկավար Տաթեւ Գասպարյանը: Եվ, ահա, սպանության փորձերը չէին բացահայտվել, եւ համայնքի ղեկավարը դիմել էր հատուկ քննչական ծառայություն եւ հայտնել, որ դա իր ընտանիքի նկատմամբ կատարված միակ ոտնձգությունը չէ: Ավելին՝ տեղեկացրել էր, որ հիշյալ դեպքից շուրջ 6 ամիս առաջ դարձյալ նույն գյուղում ինքնաձիգի կրակահերթեր են արձակվել այս անգամ որդու վարած ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն, ըստ էության, հանցագործությունը չի բացահայտվել:
Արդյունքում, ՀՔԾ-ում նախաքննության արդյունքում պարզվել էր, որ դեպքից անմիջապես հետո հիշյալ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Այդինյանը, տեղեկացված լինելով, որ սպանության փորձ է կատարվել, դեպքը սահմանված կարգով չէր հաշվառել, չէր արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, որի հետեւանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում երեկ հայտնի դարձավ, որ դեռեւս երկու տարի անց տեղի ունեցած միջադեպի գործով Արմեն Այդինյանը ձերբակալվել է:
Ի դեպ, նշենք, որ 2015թ հունվարի 17-ին Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդին եւ երկու այլ անձ առեւանգել էին համայնքի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին: Նրանք Մեխակին տեղափոխել էին Տավուշի մարզում գտնվող Ջողազ կոչվող վայր, ծեծի ենթարկել եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Տաթեւ Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը: Երեք երիտասարդներին էլ մեղադրանք էր առաջադրվել, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Արմեն Այդինյանը ոստիկանության Տավուշի մարզի միակ պաշտոնյան չէ, որ պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով ձերբակալվում է: 2014թ կալանավորվել էր ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Վերջինս էլ իր տեղակալի հետ «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ նկատմամբ կրակոցների գործով ապացույցներ էր կեղծել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ
Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Սդղի գյոլ կոչվող տարածքում առաջացած վիճաբանության գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Յուրիկ Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու համար։ Հիշեցնենք, որ այս ծեծկռտուքի հիմնական դերակատարներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, որի նկատմամբ, սակայն, քննչական մարմինը որեւէ միջոցառում չի իրականացրել:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները եւ քննարկվել 2015թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:
ՃՈՃԱՆԱԿԻՑ ԸՆԿՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին բակային տարածքում ստացած վնասվածքներից երեխայի մահվան դեպքի առթիվ:
Դեպքի վայրում ներկա գտնված մարդկանց վկայություններով` իրենք հանկարծ բակի կողմից լսել են աղմուկի ձայն եւ տեսել, որ բակում գտնվող երկաթյա ճոճանակն ընկած է ասֆալտին, իսկ վերեւի երկաթյա ձողը ընկած է երեխայի գլխին:
Այնուհետեւ բարձրացրել են մետաղյա ճոճանակը եւ տեսնելով, որ երեխան չի արձագանքում ձայներին` իրենց միջոցներով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Դրանից մոտ 40 րոպե անց երեխան մահացել է:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
«Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի գրասենյակը հունիսի 13-ին՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին, Գյումրիի թատերական հրապարակում կազմակերպում է հանրահավաք, որն, ըստ կազմակերպության հաղորդագրության` անցկացվում է «Հիմնադիր խորհրդարանի» գյումրեցի աջակիցների պահանջով: