«Ընկերությունը ճանաչվեց սնանկ, բայց սեփականատերը շարունակում է ապրել միլիարդատիրոջ նման». Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց «Արմավիա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստում այժմ քննարկվում է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:  Հիմնական զեկուցողը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, ով էլ ներկայացրեց կատարվող փոփոխությունները:

Նախարարը ներկայացրեց, որ փոփոխությունը կատարվում է կառավարության «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում և նախատեսվում է իրականացնել լիազորությունների վերաբաշխում ոլորտը կարգավորող լիազոր մարմինների միջև` տարանջատելով տնտեսական ու տեխնիկական կարգավորումը:

Նրա ելույթից հետո պատգամավորներն ունեին նախարարին հարցեր ուղղելու իրավունք: Իր հարցը հնչեցնելուց առաջ` ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախապես նշեց, որ իր հարցը չի վերաբերում օրենքի փոփոխությանը և հետաքրքրվեց օդաչուների աշխատավարձերից ու «Արմավիա» ընկերության խնդիրներից:

«Արմավիա» ընկերությունը ճանաչվեց սնանկ, բայց սեփականատերը միլիարդատիրոջ նման շարունակում է ապրել` լինելով դե յուրե սնանկ, դե ֆակտո՝ միլիարդատեր, իսկ օդաչուները շարունակում են ամեն օր կառավարության դիմաց պահանջել իրենց աշխատավարձը»,- նշեց պատգամավորը և հետաքրքրվեց, թե ինչ լուծում է ստանալու այս հարցը:

Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով «Արմավիա»-ի սնանկացմանը, նշեց, որ գործընթացը ընթանում է ՀՀ օրենսդրության սահմաններում, և որ ինքը չի կարող մեկնաբանել որևէ անձի ֆինանսական կարողությունները:

Նաիրա Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Հայաստանում օրեցօր աճում ավիատոմսերի գները: «Ավիատոմսերը աճում են պրոգրեսիվ աճով, Հայաստանի քաղաքացիները գերադասում են որևէ երկիր գնալու համար գնալ Թբիլիսի` մեքենայով, մեքենան կանգնեցնել այնտեղ ու շարունակել ճանապարհը: Ինչո՞ւ են Հայաստանում ավիատոմսերը աշխարհում ամենաթանկը»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ավիատոմսերի գներին`  նախարարը ներկայացրեց   վիճակագրություն, ըստ որի`  2015-ին թռիչքների հաճախականությունը նվազել է, իսկ ուղևորահոսքը՝ աճել, սակագներն էլ նվազել են 14 տոկոսով:




Լրահոս