«ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐ ՉՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսինե Աղաբեկյանը (Լուսի) երկրպագուների համար հերթական տեսահոլովակն է պատրաստում, որը մի քանի շաբաթից կհանձնի նրանց դատին: «Ժողովուրդ»-ը երգչուհու հետ զրուցել է Լուսինե Աղաբեկյանից Լուսիի վերածվելու, անճանաչելիորեն փոխվելու, իր համար յուրահատուկ ոճ ստեղծելու մասին: Նա խոստովանել է, որ երգարվեստում իր տեղը գտնելու հարցում իրեն շատ է օգնել ամուսինը: Երգչուհին անդրադարձել է նաեւ ընտանիքը համալրելու թեմային:

-Լուսինե՛, վերջին շրջանում Ձեզ տեսնում ենք նոր, համարձակ կերպարներում: Կարծես ձգտում եք յուրահատուկ ոճ կերտել, այո՞:
-Անկախ ամեն ինչից` ես փորձում եմ որակյալ պրոդուկտ տալ: Ի դեպ, իմ հերթական տեսահոլովակը չի ուշանա. արդեն տարվում են մոնտաժային աշխատանքներ: Չեմ ուզում գաղտնիքներ բացել եւ մանրամասնել, թե ինչ է սպասվում հանդիսատեսին. մի քանի շաբաթից ամեն բան պարզ կլինի:
-Էլի մեծ գումարնե՞ր եք ծախսել (նախորդ տեսահոլավակն արժեցել էր շուրջ 50 հազար դոլար):
-Գումարից ընդհանրապես չեմ ուզում խոսել, կարեւորը ճաշակով, նոր մեսիջով արտադրանք մատուցելն է: Միայն կասեմ, որ այս աշխատանքը կդասվի իմ սիրելի տեսահոլովակների թվին:
-Մեր հիշողություններում դեռեւս թարմ է «Հայ Սուպեր-սթար»-ից հայտնի դարձած Լուսինե Աղաբեկյանը, որը, սակայն, վերջին շրջանում դարձավ Լուսի, անճանաչելիորեն փոխվեց. հաճա՞խ եք կտրուկ փոփոխությունների դիմում:
-Իրոք, նախկին կերպարիցս շատ բան է փոխվել` իմ ոճը, արտաքինը, մազերիս գույնը: Առհասարակ, ես սիրում եմ ռիսկի դիմել, հատկապես երբ ամուսինս կողքիս է: Իհարկե, միեւնույն ժամանակ, ամեն բան անում եմ չափի մեջ:
-«Հայ Սուպեր-սթար»-ին մասնակցելուց եւ ճանաչվելուց ի վեր կա՞ մի նպատակ, որ շատ եք ուզում իրականացնել, սակայն մինչ այժմ չի ստացվել:
-Միանշանակ, իմ ամենամեծ նպատակներից մեկի մասին ես դեռ չեմ ուզում բարձրաձայնել, երբ հասնեմ դրան, կասեմ, որ հենց դրան էի ձգտում: Կարծում եմ` այդ նպատակն ինձնից հեռու չէ, եւ մոտենում է այդ պահը: Իմ նպատակներից մեկն էլ ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրից դուրս գործունեություն ծավալելն է: Եթե Հայաստանում որոշակի գումարով կարող ես մեգաաստղ դառնալ, ընդ որում, կապ չունի` լավ ես երգում, թե վատ, ապա այլ երկրներում հաջողության հասնելու համար պահանջները բոլորովին այլ են, որոնց պետք է պատրաստ լինել:
-Իսկ արտաքինի մեջ կտրուկ փոփոխության, վիրահատական միջամտության երբեւէ կդիմե՞ք:
-Դա մարդու անձնական գործն է` անկախ մասնագիտությունից: Ճիշտ է՝ առ այսօր ոչ մի վիրահատության չեմ դիմել, բայց գուցե դրա ժամանակն էլ գա… Համենայն դեպս, ես ավելի շատ փորձում եմ ներկայանալ հետաքրքիր, խարակտերային կերպարներով, քան զարմացնել իմ սանրվածքով, դիմահարդարմամբ կամ արտաքինին վերաբերող այլ գործոններով:
-Ձեր ոլորտում հավատարիմ ընկերներ ունե՞ք:
-Օյ… Ոլորտում հավատարիմ ընկերներ չունեմ. իմ հավատարիմ ընկերներն իմ կողքին են, ու կապ չունի` որ ոլորտից են: Կարծում եմ` այս ասպարեզից դեռ չկա մեկը, որը կարող է իմ ընկերը լինել: Ընկեր հասկացությունն ինձ համար առանձին, կարեւոր նշանակություն ունի, քանի որ ինքս շատ նվիրվող տեսակ եմ:
-Երգարվեստի ոլորտում Ձեր տեղը գտնելու գործում Ձեր ամուսինը` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ի՞նչ դեր ունի:
-Մեծ դեր ունի եւ՛ իմ անձնական, եւ՛ երաժշտական կյանքում: Երբ ազատ ժամանակ ենք գտնում, նախընտրում ենք այն միասին անցկացնել, թե՛ տանը, թե՛ դրսում աշխատանքային քննարկումներ ենք անում: Նա ամեն վայրկյան ինձ խորհուրդներ է տալիս, եւ եթե ես այդ խորհուրդներին հետեւեմ, կարծում եմ` իմ կյանքում շատ քիչ սխալներ կգործեմ:
-Իսկ ի՞նչը կարող է թեկուզ փոքրիկ անհամաձայնությունների պատճառ դառնալ:
-Ես ցանկացած հարցում վստահում եմ ամուսնուս, օրինակ` երբ տեսահոլովակի ընթացքում նա ցուցումներ է տալիս, վերջում արդյունքը տեսնելով` հասկանում եմ, թե նա ինչ էր ուզում ստանալ: Նա լիարժեք մտնում է իր աշխատանքի մեջ, եւ ես աշխատում եմ չխառնվել ամուսնուս գործերին, քանի որ, ինչպես նշեցի, վստահում եմ նրա ճաշակին:
-Իսկ մտածո՞ւմ եք ընտանիքը համալրելու, երեխաներ ունենալու մասին:
-Դա կլինի, երբ Աստված կամենա, բայց, ճիշտն ասած, մենք չենք շտապում: Ամեն բան իր ժամանակն ունի. կարծում եմ` այդ պահն էլ կհասունանա:

 

 

 

 
ՀԻՆ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ` ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Օրերս հասարակության շրջանում դժգոհության ալիք էր բարձրացել մայրաքաղաքի գլխավոր պողոտայի` Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում կատարվող շինարարական աշխատանքների առնչությամբ: Երեւանցիներն ահազանգում էին, որ ոչնչացվում են Հին Երեւանը հիշեցնող շատրվանները: Պետք է նկատել, որ քաղաքի սրտում գտնվող այս այգին ու շատրվանների ճակատագիրը երեւանցիների համար առանձնակի նշանակություն ունեն. համաքաղաքային տարբեր միջոցառումների ժամանակ քաղաքի այս հատվածը մշտապես եղել է ամենազբաղվածներից մեկը:

«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց` ո՞ր ընկերությունն է զբաղվում տվյալ շինարարական աշխատանքներով, եւ որքան ժամանակ է ընթանալու շինարարությունը: Մենք նաեւ հարցրինք` արդյո՞ք շինարարության հետեւանքով վտանգ չի սպառնում շատրվաններին, եւ քաղաքապետարանն ինչ քայլեր է ձեռնարկում դրանք պահպանելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցերին ի պատասխան՝ նշեցին, որ Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Տաշիր գրուպ» ընկերությունը մայրաքաղաքի գլխավոր պողոտայի` Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) իրականացնում է բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18.846 քմ ընդհանուր մակերեսը, կընդլայնվի այգու ներկայիս կանաչ զանգվածը, կավելանա նաեւ ջրային մակերեսը: «Ինչ վերաբերում է այգու տարածքում գտնվող ջրային կառույցներին, ապա դրանք պահպանվելու են, ավելին` հանրությանը կներկայանան թարմացված եւ նոր տեսքով»,- վստահեցրին քաղաքապետարանից:
Շինարարության հետեւանքով առաջ եկած պատկերը, սակայն, նույնքան հույսեր չի ներշնչում, որքան քաղաքապետարանի պատասխանը: Պարզ չէ, թե ինչպես պետք է պահպանվեն ջրային կառույցները, եթե դրանք շինարարության հետեւանքով արդեն իսկ կորցրել են իրենց նախկին տեսքը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
ՀՀ մշակույթի նախարարությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթը: Տնօրենի պաշտոնի համար մրցել է երեք թեկնածու` Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը եւ Սաթենիկ Վարդանյանը: Մրցույթն անցկացվել է երկու` թեստավորման եւ հարցազրույցի փուլերով: 11 հոգուց բաղկացած հանձնաժողովը գլխավորել է մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը: Արդյունքում Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնը 9 կողմ, 1 դեմ ձայնով ստանձնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանը:

 

 

«ԱՆԲԱՆ ՀՈՒՌՈՒ» ԹԻԶԵՐԸ` ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի հիման վրա նկարահանվող համանուն մուլտֆիլմ-մյուզիքլի առաջին պաշտոնական թիզերն արդեն համացանցում է: Մուլտֆիլմի նկարահանումներն իրականացրել է «Մուլտարտ+» ստուդիան: Շուրջ երեք տարվա աշխատանքներից հետո «Անբան Հուռի»-ն հանդիսատեսի դատին կներկայացվի 2015 թվականի աշնանը: Նշենք, որ մուլտֆիլմը երաժշտական է, եւ բացի հիմնական թիմից` մուլտֆիլմի վրա աշխատել են նաեւ երգահաններ եւ երաժիշտներ: «Անբան Հուռին» նկարահանվել է դասական անիմացիոն կանոններով: Բեմադրող ռեժիսորը Արթուր Միքայելյանն է:
Հիշեցնենք, որ մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար միջազգային դրամահավաք էր անցկացվել Indiegogo միջազգային հարթակում: Փոխանցված գումարի չափով առաջատար է եղել ԱՄՆ-ն, երկրորդ տեղում եղել է Հայաստանը, երրորդում` Ռուսաստանը:

 

ՄԵԾ ՍԿԱՆԴԱԼ
Ֆինլանդիայում մեծ սկանդալ է բարձրացել երգչուհի Նիքի Մինաժի անվան շուրջ: Բանն այն է, որ Հելսինկյան տաճարի աստիճաններին հայտնվել են նրա մերկ լուսանկարները: Նշենք, որ այս ակցիան Summer Up երաժշտական փառատոնի պրոմո-արշավի մի մասն է: Daily Mail-ի փոխանցմամբ` Մինաժը ելույթ է ունենալու հուլիսի 3-ին եւ 4-ին անցկացվելիք փառատոնին:
Ի դեպ, երգչուհին առաջին անգամ է այցելելու Ֆինլանդիա եւ մասնակցելու Summer Up փառատոնին:




Լրահոս