Երեկ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում և ԲՈԻՀ-երի մոտ` պատերին ու գետնին հայտնվել էր “Մի՛ ենթարկվիր” գրությամբ Սերժ Սարգսյանի՝ վրան խաչ քաշած դիմանկարը, մի քանի հարյուր օրինակից: Իսկ երեկ առավոտյան արդեն իրարանցում էր սկսվել: Ըստ “Հայկական ժամանակ”-ի՝ ոստիկանական խմբերը շրջում էին Կենտրոնում, հայտնաբերում այդ նկարները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները սև ներկով “ջնջում էին” դրանք: Թե ովքեր են մի գիշերվա ընթացքում ամբողջ Կենտրոնն այդպես զարդարել, անհայտ է: “Յութուբում” արդեն տեղադրվել է գիշերային այդ իրադարձության տեսագրությունը՝ “ՄիԲ ենթարկվիր…” վերնագրով: Ըստ որոշ տեղեկությունների, սա անցած շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում “Հակահարված art” նախաձեռնության երիտասարդ անդամների վրա դեկան Էդիկ Մինասյանի կազմակերպած և գլխավորած հարձակման պատասխանն է:
Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ նկարների պատճառով Երևանի Կենտրոնի ոստիկանությունում իսկական կադրային ջարդ է տեղի ունեցել: Ինչպես “ՀԺ” թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամաններով՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Ավելի ուշ “ՀԺ”-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը նույնպես ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ոստիկանության Կենտրոն բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Երեկվա դրությամբ, ոստիկանությունից կադրային այս փոփոխությունների պաշտոնական հիմնավորումները չներկայացրին: