Ում խղճին մնաց 100 հազար դոլարանոց մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի առիթով հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում: Իրավապահները շարունակում են քննություն իրականացնել, իսկ թե ինչ արդյունքներ է այն տվել եւ կտա արդյո՞ք, դեռեւս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ մարզպետի դեմ մահափորձ էր իրականացվել ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Դեպքից րոպեներ անց մարզպետ Խաչատրյանը, որ միշտ խնդիր ունի լրագրողների հետ շփումների, բավականին ակտիվ կերպով զրուցում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կատարվածի մասին մանրամասներ հայտնում: Ըստ նրա` իր «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ 25-30-ից ավել կրակոցներ էին արձակվել մոտ 10 րոպե: Մեքենայում էին եղել Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը:

Մի քանի օր անց կլրանա մեկ ամիսն, ինչ մարզպետի դեմ իրականացվել է այս մահափորձը: «Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե այս ընթացքում ինչ հանգամանքներ են ի հայտ եկել: Ինչպես հայտնի է՝ նախաքննության նախնական ժամկետը սահմանված է երկու ամիս, եւ արդեն լրացել է սահմանված նախնական ժամկետի ուղիղ կեսը, սակայն արդյունքի մասին, որպես այդպիսին, ոչ ոքի հայտնի չէ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատազախության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այս գործով նախաքննություն է ընթանում, եւ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմին: ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանությունից եւս չցանկացան գաղտնազերծել, թե այս մեկ ամսվա ընթացքում օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում ինչ նոր հանգամանքներ են ի հայտ բերել:

Այս իրավիճակն, ըստ էության, խոսում է այն իրողության մասին, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը քնեցված է: Ճիշտ է՝ իրավապահները նշանակել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական, դատահետքաբանական եւ այլ փորձաքննություններ, այս գործով շուրջ 30 մարդ է հարցաքննվել: Նրանց թվում են եղել «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը եւ 2013 հունիսի 1-ին մարզպետի տան մոտ փոխհրաձգության ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արտակ Բուդաղյանը: Ավելի ուշ Տիգրան Կարապետյանը հայտնել էր, որ իրենից փորձաքննության համար նմուշներ են վերցրել: Սակայն մինչ օրս այս գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները չկան:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սուրիկ Խաչատրյանին վերջին շրջանում հաճախակի են հրավիրում ՀՀ քննչական կոմիտե, սակայն, ինչպես նկատում ենք, մարզպետին քննչական մարմիններն ավելի շատ անհանգստացնում են իր որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող հատվածում տեղի ունեցած ծեծի գործով, այլ ոչ թե մահափորձի: Ուստի դատելով ստեղծված իրավիճակից՝ ե՛ւ մարզպետին, ե՛ւ իրավապահներին այս օրերին ավելի շատ մտահոգում է Գորիսի աղմկալի ծեծի գործը, քան Խաչատրյանի կյանքի անվտանգության ապահովության հարցը:

Այս իրավիճակը կարող է երկու պատճառ ունենալ՝ կա՛մ իրավապահներն անլուրջ են վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի կյանքին սպառնացող հնարավոր վտանգներին, կա՛մ որեւէ նորություն իսկապես չկա, քանի որ գործ անողները բավականին հմուտ են եղել, որ հետքեր թողնեն, եւ այն բացահայտվի: Իսկ որն է այս երկու վարկածներից առավել արժանահավատ. պետք է արձանագրենք, որ եթե շուրջ 10 րոպե տեւողությամբ կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, ապա ենթադրվում է, որ մարզպետն իր մեքենան կանգնեցնել է տվել ու շտապ իջել մեքենայից: Եւ պետք է որ գոնե ինչ-որ բան նկատած լիներ` ոտնաձայներ կամ մեքենայի շարժ, բայց առ այսօր այդպիսի կասկածների մասին որեւէ մեկը չի խոսել, ուստի առավել հավանական է այն վարկածը, որ իրավապահները լուրջ չեն վերաբերվում այս գործին, քանի որ մահափորձն իրականում կազմակերպված էր հենց մարզպետի կողմից: Իսկ թե ինչու, այդ մասին առիթ ունեցել ենք գրելու:

Սուրիկ Խաչատրյանն այս օրերին գտնվում է թիրախում: Եւ որպեսզի իշխանությունների մոտ տպավորություն ստեղծի, որ իր անվտանգությունը վտանգի տակ է, եւ որդու կալանավորումը կարող է ճակատագրական լինել, պետք է բավարարվել գոնե հարազատների կալանավորմամբ Սդղի գյոլի գործով, ուստի որոշեց զոհաբերել 100 հազար դոլարից ավել արժողությամբ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Մեզ մնում է ափսոսել մեքենան: Ի վերջո, այսօր այդպիսի արժողությամբ մեքենա ձեռք բերելն ու հանուն շոուի փոշիացնելն ամեն մարդու հասանելի չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս