Արմեն Մուրադյանը անձամբ է վիրահատել հիվանդին` հաշվի առնելով վիրահատության բարդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:

Մասնավորապես` վերանորոգվել  և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը:

Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը:

Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը  դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում:

Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու:

Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը:

Արմեն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նկատելի դրական տեղաշարժից, ինչպես նաև տվեց հանձնարարականներ  հատկապես առանձին բաժանմունքներում դեռևս շարունակվող հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց բուժանձնակազմին,  զրուցեց հիվանդների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկները:

Նա շրջեց նաև  ճառագայթային բուժման բաժանմունքում, ծանոթացավ  սարքավորումների հնարավորություններին: Հետաքրքրվեց  մատուցվող ծառայությունների  ծավալներով:

Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև Ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով Արմեն Մուրադյանը վիրահատեց հիվանդին` հաշվի առնելով վիրահատության բարդությունը:

Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցավ բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:




Լրահոս