ՀԷՑ-ի թույլ տված շռայլություններն անթույլատրելի են, համակարգը բարոյապես և ֆիզիկապես մաշված է. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մի քանի տարի շարունակ պետք է լուրջ աշխատել, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այն կորուստերը, որոնք այսօր առկա են: Ըստ պատգամավորի՝ կա երեք գործիք, որ հրատապ են այդ ոլորտում կիրառելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի առաջընթաց ակնկալել:

-Պարո՛ն Կարապետյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Ձեր կողմից ՀԷՑ-ի գնման հարցը, բայց կարծես թե մինչեւ այժմ այդ հարցում հստակեցում չկա: Ի՞նչ փուլում է գործընթացը, արդյո՞ք դեռեւս այդ ոլորտը Ձեզ հետաքրքրում է:

-Մենք առիթ ունեցել ենք արդեն այդ հարցին պատասխանել. ո՛չ մտածել ենք այդ ուղղությամբ, ո՛չ էլ ներկայումս մտածում ենք:

-Արդեն հստակ է, որ 6.93 դրամով օգոստոսի 1-ից թանկանալու է էլեկտրաէներգիան, արդյո՞ք արդարացված էր այդ թանկացումը, ուսումնասիրե՞լ եք այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Արդյո՞ք ներկայացված պատճառաբանություններն արդարացված են:

-Առկա իրավիճակում շատ բարդ է գնահատելը: Ինքս մանրամասն չեմ ուսումնասիրել ՀԷՑ-ի հայտը եւ առավելապես ծանոթ եմ միայն հրապարակումներից, բայց փոխարենը ես քաջատեղյակ եմ այն սոցիալ-տնտեսական իրավիճակին, որն առկա է Հայաստանում, եւ որի վրա ուղղակիորեն ազդելու է ցանկացած թանկացում: Հասկանալի է, որ թանկացմանը դեմ ենք բոլորս: Սակայն պակաս կարեւոր չէ հասկանալ այն խնդիրները, որոնք կան, ինչպես նաեւ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ առկա վիճակը հաղթահարելու համար: Մենք երբեմն միակողմանի ենք խոսում՝ միայն սոցիալական վիճակից, մինչդեռ սոցիալական վիճակը ածանցվում է տնտեսական վիճակից:

Այս առումով ես լուրջ խնդիրներ եմ տեսնում, քանզի էներգակիրների ցանկացած թանկացում ուղղակիորեն ազդում է տնտեսության տարբեր ճյուղերի վրա: Տեսեք, մեր ապրանք արտադրողները մեծ շուկայում, այդ թվում գյուղմթերքի եւ արտադրության այլ բնագավառներում, մեղմ ասած մրցունակ չեն: Ինչքան էլ ասենք հալվա, բերաններս չի քաղցրանա: Այո, 170-180 միլիոնանոց շուկան շատ լավ բան է, բայց դա չի նշանակում, որ միայն հայտնվելով այդ շուկայում՝ քո երկրում բոլոր խնդիրները կարգավորվելու են: Դրա համար անհրաժեշտ է քրտնաջան ու համակարգված աշխատանք: Նման շուկայի առկայության գործոնը հաշվի առնելով՝ պետք է յուրաքանչյուր բնագավառի հետ կապված մոտեցումները, վերլուծությունները ի մի բերել: Այսինքն՝ մինչեւ տնտեսությունը չակտիվանա, իր հետեւից չի քաշելու սոցիալական հարցերի լուծումը:

-Ի՞նչ պետք է աներ Հայաստանը, որպեսզի թույլ չտար ՀԷՑ-ի «անբարեխիղճ» ծախսերը վճարեր ՀՀ քաղաքացին, ո՞ւմ մեղավորությունն է դա, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել:

-Նախ՝ շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ համակարգը պետք է աշխատի թափանցիկ: Այստեղ պետք է ընդունենք նաեւ պետության համապատասխան կառույցների մեղքի բաժինը անհրաժեշտ վերահսկողության բացակայության տեսակետից: Ինչ վերաբերում է թանկացման հետեւանքներին, առկա իրավիճակում կա երեք ճանապարհ՝ առաջին ճանապարհը, երբ պետությունն ամբողջ բեռը վերցնում է իր վրա: Երկրորդ տարբերակը, երբ պետությունը հայտարարում է, որ ինքը հնարավորություն չունի ու ամբողջ բեռը թողնում է հանրության ու տնտեսվարողների վրա: Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ մեր հանրության մեծամասնությունն անվճարունակ է, իսկ տնտեսվարողները, ինչպես արդեն նշեցի, առանց այդ էլ մրցունակ չեն:

Իմ կարծիքով, պետք է գործի երրորդ տարբերակը, այն է՝ բեռի որոշակի հատված պետությունը վերցնում է իր վրա՝ ամբողջը չթողնելով հանրության ու տնտեսվարողների վրա: Ես հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները սուղ են, սակայն, հավատացե՛ք, ցանկության դեպքում միջոցներ գտնելը դժվար չէ, դրանց մասին ինքս առիթ ունեցել եմ քանիցս խոսելու: Որքան էլ ՀԷՑ-ը օտարերկրյա ներդրողինը լինի, միեւնույնն է՝ դա ՀՀ-ինն է եւ մեր տնտեսության ողնաշարն է, որի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում մեր պետությունը: Այսօր այդ ցանցերի վիճակը շատ ահավոր է՝ համակարգը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է: Տեսեք, կան 12-13 տոկոս կորուստներ, որոնց մի մասը գողություններն են. դա ռեալ է, ու առօրյայում յուրաքանչյուրս էլ կարող ենք համոզվել, թե համապատասխան կառույցի ներկայացուցիչներն ինչպես են այդ գողությունները իրականացնում: Մյուս կողմից՝ պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի եւ չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել:

-Բայց պարտքերը գոյացել են նրա համար, որ պաշտոնյաներն իրենց անձնական շահերի համար….

-Այն, որ բավական շռայլություններ են իրենց թույլ տվել, անկասկած, անթույլատրելի է, սակայն հարցն այն է, որ դրանք ինքնարժեքի մեջ չնչին տոկոսներ են կազմում, իրականում դրանից բացի՝ շատ ավելի մեծ խնդիրներ կան: Դրանք կարգավորելու համար գործիքները շատ են, սակայն դրանցից կառանձացնեմ հատկապես երեքը: Առաջին հերթին պետք է լուրջ ներդրումներ կատարվեն, որպեսզի կորուստները նվազեցվեն, ինչպես նաեւ հնարավորինս էժան տոկոսադրույքով վարկեր ձեռք բերել, ինչի մասին արդեն խոսեցի: Երկրորդ՝ անհրաժեշտ է բարձրացնել կառավարման արդյունավետությունը եւ առավելագույնս կանխել գողությունները: Վերջապես երրորդ՝ հետեւողական աշխատանք է պետք տանել էներգետիկ բալանսի կարգավորման ուղղությամբ:

Հիշեցնեմ, որ լուրջ խնդիրներ են սպասվում 2017 թվականին, որովհետեւ նախ՝ ատոմակայանը մոտ վեց ամիս, գուցե եւ ավելի, չի արտադրի էժան էլէներգիա, մյուս կողմից՝ ԱԷԿ-ը մոտ 300 միլիոն դոլարի ներդրում է պահանջում, ինչը նշանակում է, որ ատոմակայանի արտադրած հոսանքի ինքնարժեքի մեջ եւս 300 միլիոն դոլար է ներառվելու: Ուրեմն հետագա թանկացումներից խուսափելու նպատակով հարկավոր է շոշափելի քայլեր ձեռնարկել: Հակառակ դեպքում համակարգն ուղղակի կարող է սնանկանալ՝ իր բոլոր ծանրագույն հետեւանքներով հանդերձ: Նորից եմ կրկնում՝ սա տնտեսության ողնաշարն է: Եթե մարդու ողնաշարը չլինի այնպես, ինչպես կա, մարդը տձեւ ինչ-որ մարմին կունենա: Դրա համար պետք է առողջացնել այս ամենը: Իսկ թե որքանով է արդարացված թանկացման հայտը, այսքանից հետո, թողնում եմ Ձեզ…

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս