Գագիկ Ծառուկյանը շարունակում է ՀՀ նախագահի ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ լռություն պահպանել: Ճիշտ է, նա հայտարարել է, որ այս հարցի շուրջ արդեն իսկ կայացրել է իր որոշումը, միայն թե այն պահում է իր մեջ՝ չշտապելով բարձրաձայնել: Սրան զուգահեռ, ԲՀԿ-ականները պարբերաբար հայտարարում են, որ ճիշտ կլինի, եթե ԲՀԿ-ն նախագահի ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն լինի Ծառուկյանը: Նույնիսկ Վարդան Օսկանյանը, որ մինչեւ վերջերս համարվում էր նախագահի ընտրություններում ԲՀԿ հավանական թեկնածուն, կարծես թե հրաժարվել է իր մտադրությունից: “Չնայած այն հանգամանքին, որ հենց Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաեւ ես”,-գրել է նա “Ֆեյսբուք”-ի իր էջում: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, այս օրերին ԲՀԿ տարբեր գրասենյակներում գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ եւ խորհրդակցություններ են տեղի ունենում տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, եւ նրանց մեծամասնությունը պնդում է Ծառուկյանի թեկնածությունն առաջադրելու մասին. հերթական հանդիպումը կայացել է երեկ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե ԲՀԿ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի սկզբին: Այս պահին, ըստ նրա, ԲՀԿ-ն չունի որոշում. “Կուսակցությունում գերակշռող տեսակետը եւ անգամ պահանջն այն է, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն լինի Ծառուկյանը: Բայց կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռեւս որոշում չունի”:
Նկատենք, որ մի կողմից խոսվում է Ծառուկյանի առաջադրման մասին, մյուս կողմից նա որեւէ քայլ չի անում այս ուղղությամբ, կարծես թե քննարկումներն ամենեւին էլ իր մասին չեն: Այնինչ տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է աննկատ կերպով սկսեր իր քարոզարշավը: Բայց ԲՀԿ նախագահը համառորեն լռում է, ավելին, անգամ ԱԺ նիստերին չի մասնակցում: Տեսակետ կա, որ անձամբ Ծառուկյանը չի ցանկանում առաջադրել իր թեկնածությունը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ անգամ Օսկանյանը կուսակցությունների հետ մեկ-երկու քննարկման ժամանակ ասել է, թե Ծառուկյանն անձամբ հակված չէ առաջադրվել, բայց ասել է, որ եթե ժողովուրդը միայն իր հետ է կապում իրավիճակը փոփոխելու հույսը, ապա կգնա այդ քայլին, իսկ որոշ ժամանակ հետո, անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի, ինքը կհեռանա՝ իր առաքելությունը համարելով ավարտված:
Քաղաքական դաշտում տիրող իրավիճակից տպավորություն է, որ այսօր Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նաեւ՝ ԲՀԿ-ի զգալի հատվածը: ԲՀԿ-ի ցանկությունը հասկանալի է. նախ՝ իրենց մեծությամբ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն են, բացի այդ՝ ԲՀԿ-ում բարդույթներ կան ընդդիմադիր որեւէ թեկնածուի պաշտպանելու հարցում (թեեւ եթե Ծառուկյանը որոշի սատարել, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա որեւէ մեկը չի համարձակվի առարկել): Մյուս կողմից կուսակցություն, որտեղ տիրում է անձի պաշտամունքի մթնոլորտ, հասկանալի է, որ բոլորը կուզեն իրենց առաջնորդին տեսնել նախագահի թեկնածու: Ռ. Քոչարյանը եւս հակված է Ծառուկյանի առաջադրման տարբերակին, քանի որ իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի մեծահարուստ ղեկավարին համարում է հաղթող թեկնածու: Բացի այդ՝ Ծառուկյանը միակն է, ում իշխանության ներքո Քոչարյանը կարող է անվտանգության լիարժեք երաշխիքներ ունենալ:
Ուշագրավ է, որ Ծառուկյանի առաջադրումը ցանկանում է նաեւ Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, նա մի կողմից հասկանում է, որ ռեժիմը հայտնվել է ծանր վիճակում, եւ ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ լուրջ համախմբման դեպքում անհնար կլինի պահել իշխանությունը: Բայց մյուս կողմից Ս. Սարգսյանը լավ գիտի, որ Ծառուկյանի շուրջ համախմբումը որքան էլ ռեալ լինի, այնուամենայնիվ, իր համար դա անվնաս է. նրա հետ հեշտությամբ կարող է պայմանավորվածություններ ձեռք բերել:
Բացի այդ՝ կատարելագործված ընտրակեղծիքների մեխանիզմի միջոցով կրկին իշխանությունը զավթելու դեպքում նա վստահ է, որ ի տարբերություն ընդդիմադիր թեկնածուի, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանը չի գնա հետընտրական սրացումների, հանրահավաքների, եւ նրան հնարավոր կլինի իշխանություն վերադարձնել: Եւ հիմա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմադիր համախմբումը լինի ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Ծառուկյանի շուրջ: Ի վերջո, հետընտրական զարգացումներից խուսափելու “հատկությունն” իշխանության համար պարզապես նվեր է. այսօր գրեթե բոլորը համոզված են, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել իշխանությունը, այլ դա կլինի միայն փողոցում՝ հետընտրական զարգացումների միջոցով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ