Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը «Известия»-ի հետ զրույցում խոսել է ակումբի նախկին մարզիչ Մուրատ Յակինի հետ հարաբերությունների, ակումբում հետագայում հանդես գալու պատրաստակամության մասին և ամփոփել մրցաշրջանը` նշելով, որ այն ամենավատն էր իր կարիերայի ընթացքում:
– Կցանկանայի` որքան հնարավոր է արագ մոռանալ մրցաշրջանը, որը չափազանց վատ ստացվեց ինչպես ակումբի, այնպես էլ ինձ համար: Սա ամենավատ մրցաշրջանն էր իմ կարիերայի ընթացքում: Ինձ համար արդեն անհրաժեշտ հետևություններ եմ արել:
– Կարո՞ղ եք նշել «Սպարտակ»-ի անհաջող ելույթների ամենագլխավոր պատճառը:
– Ինձ համար դժվար է առանձնացնել ընդամենը մեկ պատճառ: Ես ունեմ թիմի վատ խաղի սեփական պատճառաբանությունը, բայց նման հարցերին պետք է պատասխանի ակումբի ղեկավարությունը:
– Այդ դեպքում անդրադառնանք ձեր խաղին: Բացի վնասվածքից` վատ խաղի այլ պատճառներ ևս առկա՞ էին:
– Անշուշտ, վնասվածքն իր դերն ունեցավ: Սակայն ազդեցություն ունեցավ նաև գլխավոր մարզչի կողմից վստահության պակասը: Ակնհայտ է, որ ես չէի մտնում Յակինի ֆուտբոլային փիլիսոփայության մեջ: Իսկ նման պարագայում անչափ դժվար է քո լավագույն որակները ցուցադրելը:
– Ինչպե՞ս կնկարագրեք ձեր և Յակինի հարաբերությունները:
– Սկզբնական շրջանում ամեն ինչ հիանալի էր և ոչ մի խնդիր չկար: Ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները վատթարացան, զգացվում էր, որ մեր միջև լարված հարաբերություններ են: Ես շատ էի անհանգստանում, որ հիմնական կազմում չէի հայտնվում, սակայն մարզիչն ինձ ոչինչ չէր բացատրում: Ամեն ինչ հասավ նրան, որ մենք պրակտիկորեն գրեթե չէինք շփվում:
– Իսկ ցանկություն ունե՞ք շարունակել ելույթներն ակումբում:
– Անխոս: Ես վճռական եմ տրամադրված` ապացուցելու, որ դեռ կարող եմ շատ գոլեր խփել և օգնել թիմին առաջատար դիրքեր զբաղեցնելու համար: Իմ կարիերայի բոլոր բացասական դրվագներն արդեն անցյալում են: