Զարգացա՞ծ է արդյոք տուրիզմը Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մայրաքաղաք Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի հերթական` 4-րդ տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը:

Տարեշրջանի բացմանը մասնակցելու հրավեր են ստացել հայտնի արվեստագետներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ:

«Երևան Սիթի Տուր» ծրագրի զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը կմեկնարկի վաղվանից` հունիսի 17-ից:

Armlur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը հայտնեց, որ ծրագրի նպատակն է ստեղծել էքսկուրսիոն-զբոսաշրջային ծրագիր մեր քաղաք այցելած զբոսաշրջիկների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների համար. «Ծրագիրն ինքնին յուրահատուկ է, որի նման երկրորդն, այսպես ասած, չկա այս քաղաքում: Գնելով համապատասխան տոմսը` այցելուն կարող է երկու ժամվա ընթացքում 6 տարբեր լեզուներից ընտրել մեկը և դրանով լսել հետաքրքիր պատմություն Երևան քաղաքի մասին: Սա մեր քաղաքի պաշտոնական էքսկուրսիոն ծրագիրն է: Այս տարի բացումն իրականացվեց Երևանյան ամառ-2015 եռամսյա միջոցառումների շարքում»,- հայտնեց Մարիա Բարաղամյանը:

Վերջինիս խոսքով, ծրագիրը նաև սոցիալական բաղադրիչ է կրում իր մեջ, տարբեր ակցիաներ են կազմակերպվում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց, տարեցների, դպրոցականների համար. «Մեր առաջնային նպատակը գումար աշխատելը չէ»,- նշեց բանախոսը:

Armlur.am-ի հարցին` տուրիզմը զարգացած է արդյոք Երևանում, Մարիա Բարաղամյանը նկատեց, որ քանի որ զբոսաշրջային ոլորտը նոր է, ուստի կարևորություն է դրվել համակարգելու այն ամենը, ինչը զարգացած է. «Երևանը բարեկարգ է, գեղեցիկ է, անվտանգ է: Եկել է ժամանակը` այդ ամենը գովազդելու»:

Հավելենք, որ «Երևան Սիթի Տուր» ծրագիրն իրենից ներկայացնում է հստակ երթուղով երկժամանոց էքսկուրսիոն տուր Երևան քաղաքում: Երթուղին գործում է շաբաթը վեց օր` բացի երկուշաբթի օրերից, ժամը 11:00-13:00, 15:00-17:00 և 19:00-21:00:

Այս տարի գործում է նախորդ տարիների տուրի ծրագրի սակագինը` երկու ժամվա տոմսի արժեքը 1500-3000 դրամ է` ըստ կատեգորիաների (տոմսեր երեխաների համար, ուսանողների, մեծահասակների):




Լրահոս