Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար:
Սերժ Սարգսյանը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաեւ միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու եւ խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին: Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին եւ նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն եւ անսասան ազգային միաբանություն:
“Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ ամենեւին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Առաջին համաշխարհայինի տարիներին Լեռնալիբանանի ինքնավարության վերջին կառավարիչն էր հայազգի Օհաննես փաշա Կույումճյանը, որը պայքարում էր շրջանի բնակչությանը երիտթուրքերի ճնշումներից զերծ պահելու համար, եւ նրա պաշտոնանկությամբ ու ինքնավարության վերացումով Օսմանյան կայսրությունն սկսեց կոտորածների ալիք Լիբանանում:
Իմ խորին համոզմամբ հայ եւ լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները:
Այսօր էլ Լիբանանում բազմահազարանոց հայ համայնքի խաղաղ ու ստեղծագործ գոյությունը խոսքերիս լավագույն վկայությունն է: Եվ այս դահլիճում ներկա իմ հայրենակիցների համար, բնականաբար, ես հպարտ եմ: Շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մեզ դարձնում եք այդքան ճանաչելի, որ մեր հեղինակությունը, այդ թվում՝ նաեւ Լիբանանում բարձր եք պահում: Հենց Լիբանանում են ձեւավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգեւոր, մշակութային եւ կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարեւոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը եւ այս հողում դարեր ի վեր պահպանված ու փայփայված հայկական հոգեւոր, մշակութային բազմաթիվ այլ արժեքները առհավետ շաղկապում են մեզ եւ մեր ժողովուրդների պատմությունները”,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: