Սլովակ լուսանկարիչ Լիբոր Շպիմրը Ռուժոմբերոկ քաղաքում (Սլովակիա) անցկացված տեղի լուսանկարիչների միության 40-րդ մրցույթում ներկայացրել է իր՝ «Հայաստան – քրիստոնեության ակունքները» ցուցադրությունը:
Այն արժանացել է առաջին մրցանակի: Նշենք, որ լուսանկարիչը Հայաստանի, մասնավորապես Արցախի մեծ բարեկամն է: Նա նկարահանել է ֆիլմ Արցախի մասին և այն ուղարկել է միջազգային փաստագրական ֆիլմերի մրցույթներին մասնակցելու համար (ստորև ներկայացված է ֆիլմի թրեյլերը):
Armlur.am-ը կապ հաստատեց Լ. Շպիմրի հետ, ով հայտնեց, որ բավարարվածություն է զգացել մրցանակը ստանալիս.«Իմ առաջին մրցանակը նվիրում եմ ամբողջ հայ ազգին` առանց որի, ըստ մասնագետների, ցուցահանդեսը չէր լինի հենց այսպիսին: Առանց նրանց օգնության, նրանց հավատի, նրանց նվիրվածության` այս ամենը չէր լինի»:
Լ. Շպիմրը տեղեկացրեց նաև, որ լուսանկարները կներկայացվեն նաև Պրահայում և Կրակովում:
«Նախորդ տարի ևս միջազգային մրցույթում ներկայացրեցի լուսանկարներ Արցախից և ստացա արծաթե մեդալ, իսկ այս տարի ակնկալում եմ, որ կստանամ ոսկե մեդալ»,-մեզ հետ զրույցում հայտնեց լուսանկարիչը:
Armlur.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Լ. Շպիմրին և մաղթում նորանոր հաջողություններ: