Էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի մասով երկրի ղեկավարն ասելիք չունի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր` ժամը 11:00-ին, պետք է մեկնարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող եւ վերջին մեկ ամսում հանրային լայն քննարկման առարկա դարձած էլէներգիայի սակագնի թանկացման հարցը: Առայժմ դժվար է ասել, թե արդյոք ՀԷՑ-ը կհամարձակվի հաստատել իր կողմից արդեն իսկ հրապարակված որոշման նախագիծը, որով նախատեսվում է էլէներգիայի սակագինը 41,85 դրամից դարձնել 48,78 դրամ: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պատրաստվում է ՀԾԿ հանձնաժողովի շենքի դիմաց (Սարյան փող., 22 շենք) ժամը 11:00-ին բողոքի ցույց կազմակերպել: Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ծրագրում է վաղը` 18:00-ին, Բրազիլիայի հրապարակի, այսինքն` «Հրազդան» մարզադաշտի մոտից ավտոերթ կազմակերպել, իսկ հաջորդ օրը այս նախաձեռնությունը ծրագրում է Ազատության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել` ընդդեմ էլէներգիայի թանկացմանը:

Այսինքն` իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ հանրային բողոքը ոչ միայն չի նվազում, այլեւ նորանոր դրսեւորումներ է ստանում: Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավն այն է, որ ՀՀ ղեկավարությունը մի տեսակ անցել է ընդհատակ: Սերժ Սարգսյանը, որ անգամ գյուղատնտեսական ամենամանր հարցերով հարկ էր համարում հատուկ խորհրդակցություն  հրավիրել, ձեռքը հարվածել սեղանին, հոխորտալ, թե դեմքով շրջվում ենք դեպի գյուղը, վերջին շրջանում լռում է: Մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի մասով երկրի ղեկավարն ասելիք չունի՞: Ո՞ր ուղղությամբ է նայում նրա դեմքը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս