“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գալիք նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը պետք է և կունենա իր թեկնածուն և ավելացրեց, որ նախագահի թեկնածու լինելը իր “մանկական երազանքը” չի եղել:
Նախկին վարչապետն այս մասին ասաց՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, թե ինքը նախագահի պաշտոնի ՀԱԿ այլընտրանքային թեկնածուն է: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսին կլինի Բագրատյանի դիրքորոշումը, եթե ՀԱԿ-ն իր թեկնածուն չառաջադրի և որոշի սատարել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության թեկնածուին, պատգամավորը պատասխանեց. “Եթե ես ծնված լինեի Ամերիկայում, եթե ծագումով լինեի անգլոսաքսոն, եթե ավարտեի Հարվարդը, ապա, անպայման, փորձելու էի ստանալ Նոբելյան մրցանակ, մնացած ամեն ինչում ես նույն Հրանտ Բագրատյանն եմ”:
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, պատգամավորն ասաց, որ նորմալ է վերաբերվում այդ հարցին։ “Թող իրար հետ բանակցեն, բայց ես նույնիսկ հաճախ ասում եմ, թե ինչո՞ւ եք կենտրոնանում ԲՀԿ-ի վրա և հանրությանն անընդհատ տեղեկացնում դրա մասին։ Իսկ վերջում պարզվելու ա, որ տակը բան չկա: Ես նույնիսկ Լևոն Զուրաբյանին հարցրել եմ, թե լուրջ բան կա՞”,- ասաց նա։