“Արաքս” թռչնաֆաբրիկայի կողմից ձվի շուկայում ի հայտ եկած կեղծ մակնշումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց “Արաքս” թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրենը չհերքեց վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, որ “Արաքս”թռչնաֆաբրիկայի արտադրած ձվերի մակնշմամբ կեղծ ձվեր են հայտնվել խանութներում, նշելով, որ իրենք դիմել են Վաղարշապատի ոստիկանություն պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվել: “Առաջին հայացքից թվում է, որ այդ կեղծ ձվերը մեր կողմից են մակնշված”,-նշեց Գագիկ Մակարյանը, ավելացնելով, որ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այդ ձվերի մակնշումը չի համապատասխանում “Արաքս”-ի կողմից մակնշված ձվերին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ըստ որի “Արաքս”-ը համարվում է տուժող կողմ:
“Արաքս” թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենի հավաստմամբ՝ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի պարզվեն բոլոր հանգամանքները և կեղծարարներն ու նրանց հովանավորները պատժվեն: Ձվի ամսաթվի հետ կեղծումներ անելը “կրիմինալ է”,- իր հերթին ավելացրեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և հորդորեց բոլորին գնել հայրենական արտադրության ապրանքատեսակներ:
Հնարավո՞ր է, որ այս տարի ևս ամանորի նախաշեմին կրկնվի 2010թ. թանկացումները: “Արաքս”-ի տնօրենը նշեց, որ “ձվի թանկացումները կապված են կերի թանկացման հետ, հավի կերի բաղադրամասի մեջ 65 տոկոսը եգիպտացորեն և ցորեն է”: Այստեղից հետևություն՝ ցորենի թանկացումը կբերի նաև ձվի թանկացման:
“Ամոթ է, որ այսօր Հայաստանը 75 տոկոս հավի միսը ներկրում է արտերկրից”, – իր հերթին ասաց Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ սա խոսում է մեր երկրի տնտեսական քաղաքականության մեղմ ասած՝ թերի ուղղվածության մասին :
“Փաստինֆո”