Ձմռան-գարնան ամիսներին հանրապետությունում նկատվում է ջրծաղիկի սեզոնային բարձրացում, քանի որ այն օդակաթիլային վարակ է: Ներկայումս ջրծաղիկի առանձին դեպքեր են արձանագրվում, սակայն ձեռնարկված վերահսկման միջոցառումների շնորհիվ դրանք համաճարակային բռնկման չեն վերածվում: Այդ մասին հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Մանկական կազմակերպություններում տեղային բռնկումներ չեն արձանագրվել, այլ դիտվում են հատուկենտ դեպքեր: Հրազդանի թիվ 6 դպրոցում եւս “համաճարակ” չկա։ Այստեղ նոյեմբերին արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության 8 դեպք, ինչը օրինաչափ է` նկատի ունենալով հիվանդության սեզոնային բարձրացումը:
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները փաստում են, որ 2012թ-ին հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում եւ իրականացվում են ելնելով համաճարակաբանական օրինաչափություններից եւ ուղղված են դեպքերի տեղայնացմանը եւ վարակի հետագա տարածման կանխմանը, ինչպես նաեւ բնակչության շրջանում իրականացվում է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող, բարձր վարակելիությամբ հիվանդություն է եւ տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչեւ 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` վաղ մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետեւանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի եւ հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթեւ, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր: Սկզբում դիտվում է 1 օր տեւողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչեւ վերջին կեղեւի ընկնելը: Կեղեւները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաեւ ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձեւեր:
Ջրծաղիկը սովորաբար թեթեւ է ընթանում։ Միայն շատ փոքր տոկոս դեպքերում իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ եւ այլն: Ծանր է ընթանում նաեւ բնածին ջրծաղիկը: