
Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որեւէ բացատրության 20 բանվորների ազատել է աշխատանքից: Ըստ մեր աղբյուրների՝ պատճառն այն է եղել, որ մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել եւ ակտիվություն են ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը: Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրել Նաիրա Մարտիրոսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, միայն տեղեկացրեց, թե Նաիրա Աշոտովնան վարորդի հետ տեղ է գնացել, եւ չգիտի, թե երբ կգա: Հիշեցնենք, որ «Միկա ցեմենտ»-ը պատկանում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին, որն օրերս սկսել է «Արմավիա»-ի վաճառքի գործընթացը: