Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է նախօրեի ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդեն իսկ սկսել է ՍԴ ներկայացվելիք դիմումի ձեւակերպման վրա աշխատել: Իսկ որպես հիմք՝ ընդդիմությունը պատրաստվում է մատնանշել ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որն իմպերատիվ կերպով պատգամավորներին հնարավորություն է տալիս ԱԺ արտահերթ նիստ գումարել նախաձեռնողի սահմանած կարգով եւ ժամկետներում։ Ու քանի որ պահանջն իմպերատիվ է, ենթադրվում է, որ քվորումի շեմ չպետք է նախատեսվի: Այլապես 44 պատգամավորի պահանջով նիստ գումարելու սահմանադրական պահանջը կդառնա անիմաստ, քանզի պատգամավորների մյուս մասը կարող են բոյկոտել նախաձեռնությունն ու տապալել: Հիմա ՀԱԿ-ը պահանջելու է հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգ օրենքի 44 հոդվածի այն դրույթը, որի համաձայն՝ նիստը սկսվում է, եթե գրանցված է լինում պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Արտահերթ նիստի դեպքում, ընդդիմության կարծիքով, նիստը սկսելու քվորումի նվազագույն շեմ պետք է լինի 44-ը, քանի որ այդքան պատգամավորի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ:
ԴԵՊԻ ՍԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ