Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե չի կարծում, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լարված հարաբերությունների պատճառը միայն ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն է:
«Ես կարծում եմ, որ միայն Բիբինի վրա բարդել մեղքը, իհարկե, բացարձակապես ազնիվ չի լինի, քանի որ, ինչպես շատ իրավացիորեն նշեց իմ գործընկեր Գուրգեն Արսենյանը, մենք ունենք և կարող ենք ունենալ այն մտահոգությունները, որ բազմաթիվ «յան»-ով վերջացողներ ևս շատ լուրջ պատասխանատվություն պիտի կրեն այս ամենի համար», – նշեց նա:
Անդրադառնալով հանձնաժաղովի շենքի դիմաց ցույց անողների ձերբակալություններին` Զոհրաբյանը համոզված նշեց, որ նրանց ձերբակալությունն անհիմն է:
«Ակտիվիստների ձերբակալությունը միանշանակ և բացարձակ համարում եմ դատապարտելի: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր համար անընդունելի երևույթների վերաբերյալ օրենքի շրջանակում արտահայտել իր բողոքի ձայնը: Նրանք ընդամենը իրենց բողոքն են արտահայտել տեղի ունեցող խայտառակության դեմ»,- նշեց նա` հավելելով, թե վստահ է, որ այդ երիտասարդներն օրենքի ակնհայտ խախտում թույլ չեն տվել, որը ենթադրի՝ նրանց ազատազրկել կամ տեղափոխել բաժին: